«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
««Ցեղասպանություն» բառն իրավական կատեգորիա է։ Ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչված հանցագործություն է, որի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք «Մեծ եղեռն» և «Ցեղասպանություն» հասկացությունները նույնական են, հավասարազոր իմաստ ու նշանակություն ունեն։
Նա նշեց, որ այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային ամբողջական մեխանիզմ է գործում։
«Ցեղասպանության հանցագործության համար պատիժը նպատակ ունի նաև կանխարգելել հետագա ցեղասպանությունները, դրա համար այս հանցագործության կանխարգելումը կարևոր է ամբողջ աշխարհի համար։
Իսկ «Մեծ եղեռն» հասկացությունն առավել հայկական, մեր իրականությանն առնչվող հասկացություն է, պատմական, քաղաքական նշանակություն ունի, բայց իրավական կատեգորիա չէ։ Մենք կարող ենք «Մեծ եղեռն» օգտագործել, բայց դա չի նշանակում, որ այն փոխարինում է «Ցեղասպանությանը»,- մանրամասնեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանը։
Նա ընդգծեց, որ «Ցեղասպանություն» հասկացությունը ենթադրում է իրավական հիմքերի վրա դրվող գործընթաց, որը հնարավորություն է տալիս մեր իրավունքներն ու շահերն առավել պաշտպանված պահել։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում 3 անգամ օգտագործել էր «Հայոց ցեղասպանություն», 11 անգամ՝ «Մեծ եղեռն»։
Հարցին՝ արդյո՞ք միտումնավոր է «Ցեղասպանության» փոխարեն ասվում «Մեծ եղեռն», Արման Թաթոյանը պատասխանեց. «Ես ասացի այն, ինչ որ կա. մենք չենք կարող «Ցեղասպանության» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
- Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
- Պատմաբան. Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները հնարավոր չէ վերականգնել ու դա շատ լավ հիմք կտա թուրքական պատմակեղծարարներին
- Հրանուշ Խառատյանը՝ ՔՊ-ական պատգամավորին. Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան