Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը որևէ քայլ չի կատարել այդ ուղղությամբ։ Կան դեպքեր, երբ փաստաբանն ընկալվում է որպես հանցագործությունն արդարացնող, դրան աջակցող մարդ»,-ասաց Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ելույթ ունենալով Փաստաբանների պալատի կողմից կազմակերպած «Փաստաբանների իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմայով գիտաժողովում, որին մասնակցում են հայ և ֆրանսիացի փաստաբաններ։
Նա նշեց, որ սոցիալական ցանցերում այդ պատճառով հաճախ վիրավորանքներ են հնչում փաստաբանների նկատմամբ, մինչդեռ պետք է հիշել, որ փաստաբաններն իրականացնում են իրավապաշտպան, ինչպես նաև պետական՝ մասնավորապես իրավապահ, դատական համակարգի նկատմամբ վերահսկողության գործառույթներ։
«Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում ևս սխալ ընկալում կա։ Այստեղից են գալիս նաև հիմնական խոչընդոտները, դրանցից հիմնականում հանդիպում են փաստաբանի մուտքի ապահովումը քրեական հետապնդման կամ վարույթի սկզբնական փուլերում ոստիկանության բաժիններ կամ քննչական մարմիններ։ Սա տարիներ ի վեր եղել է Հայաստանի խրոնիկ խնդիրներից մեկը, երբ փաստաբանը պետք է մուտք գործի քննչական մարմին կամ ոստիկանության բաժին, թույլ չի տրվում, ինչի հետևանքով մարդիկ զրկվում են իրավաբանական աջակցությունից»,-ասաց Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, սրա համար ամենատարբեր պատճառաբանություններն են ներկայացվում՝ զբաղվածություն, հնարավոր չէ կապվել քննիչի հետ և այլն, նույնիսկ օրենքն են կամայական մեկնաբանում։
«Բազմաթիվ են դեպքերը, երբ վարչական ձերբակալմամբ անձին բերում են քննչական մարմին, ու չգիտես ինչ պատճառաբանությամբ հանկարծ որոշում է կայացվում, որ այդ անձի նկատմամբ պետք է իրականացվի քրեական վարույթ։ Մարդուն ասում են, դու սպասի, մենք քննիչի գալուն ենք սպասում, դու տես՝ ինչ ես անում, փաստաբան ապահովելու համար։ Այդ ընթացքում մարդուն հնարավորություն չի տրվում պատշաճ կապ հաստատել փաստաբանի հետ, իսկ մինչ ենթադրյալ քրեական վարույթը պետք է նախաձեռնվի ու վարչական ձերբակալումը, իմ կարծիքով, ապօրինի կերպով փոխվի քրեաիրավական ձերբակալումով առանց պատճառաբանության, մարդը ենթարկվում է վատ վերաբերմունքի, սթրեսի, ժամերով սպասել քննիչի ժամանելուն։ Հետևաբար փաստաբանն էլ ժամերով սպասում է դրսում, որպեսզի բարձրանա։ Իրականում փաստաբանի հետ կապը հիմնարար նշանակություն ունի հատկապես վարույթի սկզբնական փուլերում, այն հիմնարար իրավունք է, միջազգային կառույցներն արձանագրել են այն որպես խոշտանգումից ու վատ վերաբերմունքից պաշտպանության երաշխիք»,-ընդգծեց նախկին ՄԻՊ-ը։