Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, խոսել է վերապատրաստման դասընթացների կարևորության և դրանց արդյունավետության մասին։
Այնուհետև Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն է բերել եկեղեցականներին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ դասընթացները հնարավորություն են ընձեռում քահանա հայրերին վերաթարմացնելու իրենց գիտելիքները, քննարկելու հովվական կյանքին առնչվող զանազան հարցեր, ինչպես նաև հարստանալու նոր գիտելիքներով և միմյանց փորձառությամբ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամել է հոգևորականներին հայ ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց հովվական ծառայությունը՝ ուղղորդելով հայորդիներին Ճշմարտության ճանապարհով, մխիթարություն պարգևելով հոգեկան ծանր ապրումների մեջ գտնվող մեր զավակներին և չհանդուրժելով անտարբերության որևէ դրսևորում։
Վեհափառ Հայրապետը եկեղեցականներին հորդորել է նաև բարձր գիտակցումով, քաջաբար և ամբողջանվեր կերպով իրակացնել իրենց սրբազան առաքելությունը՝ ի զորացումն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի։
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը պատասխանել է քահանա հայրերի հարցերին, որոնք առնչվում էին Մայր Աթոռի կողմից իրականացվող հոգեխնամ և կրթական ծրագրերին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին