Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
«Այսօրվա մեր պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝ սովորոկան կյանքով է ապրում, թե՝ ոչ, քաղաքականությամբ է զբաղվում,թե՝ ոչ, հետապնդումների ենթարկվում է, թե՝ ոչ»,- այս մասին վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հիշատակին նվիրված մոմավառության ընթացքում ասաց վերլուծաբան Լիլիթ Թումանյանը։
Թումանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ մարդու բարձրագույն արժեքներից է ՝ կյանքի իրավունքը և եթե մարդուն զրկում են այդ իրավունքից, ապա այն արդեն քաղաքական և արդար դատաքննության իրավունք է։
«Ի՞նչ են ասում այն մարդիկ, որոնք այսօր հավաքվել են։ Բոլորս ունենք մեկ պահանջ՝ արդարություն և հատուցում Սոնայի և իր չծնված համար։ Որքան էլ իշխանությունները ցանկանային, որ այս դեպքը մոռացվեր, ծածկադմփոց արվեր, ուշադրություն չդարձվեր, հատկապես այս օրերին, երբ դրված է Տավուշի հարցը, միևնույն է՝ թույլ չենք տա մոռացության մատնվի այս աղաղակող անարդարությունը, որը տեղի ունեցավ Սոնայի նկատմամբ»,- ասաց Թումանյանը։
Նա շեշտում է՝ կար հարուցված ինչ-որ քրեկան գործ,սակայն մինչ օրս որևէ անձ դատապարտված չէ։
«Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը, որքան էլ չփորձեն դնել ոստիկանության վրա»։
Ըստ Լիլիթ Թումանյանի՝ արդարության վերականգնումը այս գործի հնչեղության մեջ է։
«Հիմնական հույսը նա էր, որ դեպքը կմոռացվի, հետևողական չեն լինի, բայց՝ ո՛չ, կլինի՛ հանրային պահանջ և ճնշում։ Մինչ օրս տեղի չի ունեցել որևէ գործողություն, ամբողջը փորձում են «պարտակել տակը»։ Մենք չպետք է սահմանափակվենք այսօրվա ակցիայով, պետք է ամեն տարի հիշել և մահվան օրը գալ այստեղ։ Մենք պետք է ողջ տարվա ընթացքում խոսենք այդ մասին, հատկապես կանայք, մայր դարձած կանայք»,- ասաց Թումանյանը։
Նշենք, որ Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի։
Ավելի մանրամասն՝ տեսանյությում։