ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
Հաղորդվում է, որ այդ կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կազմակերպած արարողությունը տեղի է ունեցել օկուպցված Ակնայի շրջանում, որտեղ գտնվում էր կենտրոնը։ Նշվում է, որ արարողությանը մասնակցել են ՌԴ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Իստրակովը, Թուրքիայի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետը Լևենթ Էրգյուն։
Ելույթ ունենալով արարողության ժամանակ՝ Սերգեյ Իստրակովը նշել է, որ երեք տարի Ակնայում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնը երեք երկրների զինվորականների հաջող համագործակցության օրինակ է։
«Ռուսաստանի և Թուրքիայի գործընկերների կողմից բոլոր առաջադրված խնդիրները լուծվել են գործնական և բարեկամական մթնոլորտում»,-նրա խոսքերը մեջբերում է լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգի կենտրոնը սկսել էր գործունեությունը Ակնայում 2021 թվականի հունվարի 30-ին՝ նպատակ ունենալով վերահսկել հրադադարի պահպանման ռեժիմը Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծում։ Կենտրոնն իր գործառույթը գործնականում չի կատարել, ինչի հետևանք է Արցախի Հանրապետության վրա ադրբեջանական զինուժի բազմաթիվ հարձակումները, 2023 թվականի լայնածաված պատերազմը, խաղաղ բնակիչների շրջանում մի քանի հարյուր զոհերը և դրա հետևանքով արցախցիների բռնի տեղահանումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան