Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
«Ես չեմ կարող հլու-հնազանդ լինել, առանց խոսելու, լռած տանել այն, ինչ կատարվում է մեզ հետ։ Չեմ կարող ասել, թե ինչ արդյունքի կհասնենք, բայց չեմ էլ կարող լռել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանը։
Նա Տավուշի մարզի Բերդ քաղաքում է ծնվել, ու, ինչպես միշտ, երեկ նույնպես իր հայրենակիցների կողքին էր, ովքեր արդեն 8 օր փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ դեմ լինելով միակողմանի զիջումներին, սահմանազատման աշխատանքներին, որոնք նախաձեռնել են Հայաստանի կառավարությունն ու Ադրբեջանը։
«Արդեն վերադարձել եմ Տավուշից, բայց վաղը նորից գնալու եմ։ Մենք պատրաստ ենք մինչև վերջ պայքարել հանուն մեր հողի։ Նրանք մարտական ու վճռական են տրամադրված։ Ու միայն տավուշցիներ չեն այնտեղ։ Դա մեզ համար ուղղակի տարածք չէ, կցված հող չէ, որ վերցնեն ու տան ինչ-որ մեկին։ Դա մեր հայրենիքն է, որտեղ մարդիկ են ապրում ու պատրաստ են պայքարել»,- նշում է դերասանը։
Արման Նավասարդյանը հիշեցնում է պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մասին, ով եղել է Խորհրդային Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահի տեղակալը, խորհրդային Հայաստանի վերջին տարիներին համակարգել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։ Նա հաճախ անձամբ էր մեկնում այդ տարածքներ, տեղում ուսումնասիրելու, հասկանալու, թե կոնկրետ որ տեղանքով պետք է անցնի սահմանը։ 1980- ականներին Նոյեմբերյանի սահմանամերձ հատված մեկնած Վլադիմիր Մովսիսյանին ու հանձնաժողովի ևս երկու անդամի գողացել էին ադրբեջանցիները, ծեծել։ Կամ՝ 1991 թ. Ոսկեպարի դեպքերը, երբ գյուղը պաշտպանելու եկած Նոյեմբերյանի ոստիկանության աշխատակիցներին էին զինաթափել, սպանել ու գերեվարել։
«Մենք այդ ամենը գիտենք, չենք փորձում մոռացության մատնել։ Իսկ այն մարդիկ, ովքեր մոռացության են մատնում, դրանք մեկնաբանություններ գրողներն են ու նրանք, ովքեր վարկաբեկում են այս շարժումը, որը սկսվել է հանուն հայրենի հողը պահելու։
Մարդիկ հասկանում են, որ սա միայն Տավուշի հարցը չէ, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի հարցն է, մեր ամբողջ պետության, մեր սկզբունքի ու արժանապատվության հարցն է»,- ասում է Արման Նավասարդյանը։
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
«Ինձ կանչել են ուսումնավարժական զորահավաքի։ Հիմա պատրաստվում եմ, 25 օր չեմ կարողանալու իմ բուն մասնագիտական գործով զբաղվել։
Այն գրողներին, թե ինչու սահմանին չեմ, հայտնեք՝ շուտով կլինեմ, թեև միշտ եմ եղել սահմանին։ Կխոսենք 25 օրից»,- ասում է Արման Նավասարդյանը։
Մենք էլ դերասանին անփորձանք ծառայություն, բարի վերադարձ ենք մաղթում։
Ի դեմ, նշենք, որ Արման Նավասարդյանը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ Պահեստազորի սպա Արման Նավասարդյանը Արցախյան երրորդ պատերազմի առաջին օրվանից ռազմաճակատ էր մեկնել։
Գլխավոր նկարը՝ Sputnik Արմենիայի։
Հարակից հրապարակումներ`
- 7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
- Ծռված ողնաշարով, ամոթխած գետնին նայելով, անարժան ապրել կլինի՞. Արման Նավասարդյան
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին