2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5 մլրդ ԱՄՆ դոլար։ 2023թ.-ի փետրվարի վերջի 10.75 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն այս տարի աճել է 1.19 մլրդ դոլարով։ Ըստ կանխատեսումների՝ մինչև 2024 թվականի վերջը այն կհատի 12 մլրդ դոլարի շեմը։ Ի՞նչ արդյունավետությամբ են օգտագործվում ներգրավված պարտքերը, պարտքի սպասարկման ռիսկերն արդյո՞ք մեծ են։
Վերոնշյալ խնդիրների վերաբերյալ Panorama.am-ը հարցեր ուղղեց ՀՊՏՀ Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանին։
Ա. Քթոյան-Ներգրավված պետական պարտքերի օգտագործման արդյունավետության խնդիրը միշտ էլ առկա է եղել։ Այստեղ երկու հատված կա։ Առաջին՝ երբ պարտքերը ներգարվվում են կոնկրետ ծրագրերով՝ միջազգային կազմակերպություններից, այլ կառույցներից։ Այդ ծրագրի շրջանակներում իրականացվող գործընթացները կատարվում են, ամեն մի ծրագիր ունի իր ներքին հիմնավորումները և ծրագրի շրջանակներում արդյունավետության գնահատականները։ Ենթադրաբար՝ այդ թիրախներն իրագործվում են։ Իսկ ընդհանուր տնտեսության, սոցիալական ոլորտի վրա ազդեցության տեսանկյունից թե որքան արդյունավետ է իրագործվում՝ պարզելը գլոբալ բարդ խնդիր է։ Եթե ենթակառուցվածքային ծրագիր է իրականացվում, ապա ինչպես կարելի է չափել այդ ծրագրի արդյունավետությունը։ Ընդունենք, որ ճանապարհը կառուցվեց, բայց դրանից արդյոք օգտվեցին այն քանակությամբ, որ դրա համար կատարված ներդրումը համարվի արդյունավետ։
Ներգրավված պարտքերի արդյունավետությունն ինքն անլուծելի խնդիր է, և այն, ինչ ծրագրի մեջ դրված է՝ այո ծրագրի թիրախներն կարող են իրագործվել, բայց թե այն ընդհանուր առմամբ նպաստում է խնդրի լուծմանը, կամ այն թիրախների իրագործմանը, որոնք ի սկզբանե նախաձեռենվել էր՝ ոչ։ Այն բարդ հարց է և միշտ էլ այդ խնդիրը դրված է, առավել ևս, որ գնահատման մեթոդաբանությունը բավականին բարդ է, միանշանակ չէ։
Panorama.am-Նման ծավալի արտաքին պարտք ներգրավելն ի՞նչ ռիսկեր է պարունակում։
Ա. Քթոյան-Անդրադառնալով պարտքի ռիսկերին, ասեմ, որ, ըստ էության, ցուցանիշները եթե համեմատում ենք, ապա տարեցտարի որոշակի փոփոխություններ արձանագրում են, բայց մնում են այն շեմային տիրույթում, որոնք կառավարությունը դիտարկում է, որպես կառավարելի թիրախներ, միջակայքեր։
Պետական պարտքի միջին կշռված տոկոսադրույքի որոշակի աճ ունենք, ներկայում 7.2 %- է։ Մարման միջին ժամկետն էլ 7.2 տարի է և նվազագույն ուղենիշային շեմը 7 տարի է, վատագույնից մի քիչ բարձր է։ Առաջիկա երեք տարիներին մարման ենթակա է պարտքի մոտավորեպես 29 %-ը, առավելագույն ընդունելի մակարդկան է 1/3-րդը՝ 35 %։
Կան նաև այլ ցուցանիշներ, որոնք նկարագրում են պարտքի կառավարելիությունը, այդ ցուցանիշների մասով ունենք 1-2 տասնորդական տոկոս որոշակի վատացում, բայց էլի կառավարելիի շեմերի ուղեցույցների տիրույթում է գտնվում պարտքը։ Եթե պարտքի մարման միջին ժամկետը 7.4 տարի էր, ապա այն կրճատվել է և դարձել է 7.2 տարի, ինչը բացասական ցուցանիշ է։ Պարտքի միջին կշռված տոկոսադրույքն է ավելացել, եթե նախորդ տարի 7%-էր, ապա հիմա 7.2 % է դարձել։ Այսինքը, մենք ավելի թանկ ենք պարտք ներգրավում, բայց եթե հաշվի առնենք, որ հիմնականը ներքին պարտքն է, ապա այն ինչ-որ առումով բացատրելի է։
Panorama.am-Ո՞ր տարիներն են պետական պարտքի սպասարկման առումով պիկայինները։
Ա. Քթոյան- Պարտքի սպասարկման գումարային առումով պիկայինը 2025 թվականն է, երբ մոտ 2 մլրդ դոլարի պարտքի տոկոսի մարում և սպասարկում ունենք, որից մոտ 1.3 մլրդի պարտքի մարում կա և 700 մլն՝ տոկոսի սպասարկում։
Նաև 2031 թվականին ունենք բավականին բարձր պարտքի վճար, որը գերազանցում է 1.5 մլրդ դոլարը, մնացած տարիները հիմնականում 1.5 մլրդ դոլարի տիրույթում են։ Չէի ասի, որ այն քիչ է։ Մենք պետք է հասկանանք, որ մենք այսօր և վերջին տարիներին լրջագույն անվտանգային, սոցիալական մարտահրավերներ ենք ունեցել և ներքին ռեսուրսներն ակնհայտորեն բավարար չեն այդ ամենը հաղթահարելու համար։ Հիմնական պարտքը ներգրավվեց համավարակի, պատերազմի տարիներին և միևնույն ժամանակ ՀՆԱ-ի վատթարացում ունեցանք, որի հետևանքով արձանագրվեց ՀՆԱ-պարտք հարաբերակցության վատթարացում։
Այստեղ գլխավորն խնդիրեն այն է, թե արդյոք պետությունը կարողանում է եկամուտներ գեներացնել պարտքը սպասարկելու, պարտքային պարտավորությունները կատարելու համար և արդյոք կայուն են ֆինանսները և արդյոք ներքին ու արտաքին ներդրողները պատրաստ են կառավարությանը պարտք տալ։ Այդ ռիսկերի համար հաշվի են առնվում արտահանման ծավալները, հարկային եկամուտների գեներացումը, տնտեսական աճը, եթե բոլորը պահպանվեն ապա առաջիկա տարիներին պարտքի կառավարման ցուցանիշները էական բարելավում կունենան։
Panorama.am-Դուք ասացիք եկամուտների գեներցման մասին, բայց արտաքին ուղղակի ներդրումներ Հայաստան չեն գալիս, տրասֆերտներ են գալիս, բայց իրական տնտեսությունում չեն գեներացվում և արտահոսում են։
Ա Քթոյան-Եթե ուղղակի ներդրումերի մասին ենք խոսում, ապա մեծ ծավալի ներդրում չի գալիս Հայաստան։ Չի գալիս այնքան, ինչքան մեր կարիքներն են։ Գալիս է այն ճյուղերում, որտեղ հնարավոր է շահույթ ձևավորել, օրինակ՝ հանքագործություն, էներգետիկա, շինարարություն, անշարժ գույքի ոլորտ։ Դրանք կոնկրետ ներդրողներ են, գալիս այստեղ ներդրում են անում շահույթ ստանալու համար։ Եթե որպես ներհոսք տրասֆերտներն ենք դիտարկում, ապա այն գալիս է և Հայաստանում ձևավորում է գնողունակ պահանջարկ և տնտեսականն աճի մի կտոր նաև դրա հաշվին է լինում, օրինակ՝ ծառայությունների ոլորտի աճը, նաև շինարարության ոլորտում։ Այսինքը, ֆինանսական հոսքերն այդ աճի մեջ որոշ մասնակցություն ունեն, իսկ պարտքի հետ կապելը տարամետ մեկնաբանություն կարող է ունենալ։ Իսկ այն, թե ինչո՞ւ մենք Հայաստանում ներդրումնային առումով ունենք խնդիրներ, դրանք Հայաստան չեն գալիս այնքան, որքան պետք է՝ այն առանձին շատ մեծ և խրոնիկական խնդիր է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան