Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք դիտարկվում է Ադրբեջանից գազ ձեռք բերելու վերաբերյալ։
Նա հայտնեց, որ իր տեղեկություններով՝ Ադրբեջանի հետ որևէ պայմանավորվածություններ չկան, նման քննարկումներ չեն եղել։
«Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը և պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է»,- հայտարարեց Թունյանը, և հավելեց. «Իսկ էներգետիկ անվտանգություն առաջանում է այն ժամանակ, երբ քո էներգետիկ անվտանգությունը ցածր մակարդակի վրա է, և քո աղբյուրը մեկն է։ Այսինքն՝ որքան դու կարողանում ես քո մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնել, այնքան քո մատակարարման աղբյուրները, էներգետիկ անվտանգության մակարդակն ավելի ես բարձրացնում»։
ՔՊ-ական պատգամավորի կարծիքով, այս պահին խոսում են ինչ-որ տեսական հնարավորության մասին և ոչինչ պետք չէ բացառել։
Նար խոսքով՝ ժամանակին Հայաստանը միայն Ռուսաստանից էր գազ ստանում, հետո կառուցվեց Իրան-Հայաստան գազատարը, եթե կարիքը լինի, կարող են դիտարկել նաև այլ երկրների տարբերակները։
Հայտնելով, որ անհրաժեշտության դեպքում ՌԴ-ի հետ պայմանագրի կարգավորումներում կլինեն փոփոխություններ՝ Թունյանը նշեց. «Այս պահին մենք մեր օրակարգում նման հարց չունենք, նման բան պայմանավորվելու համար, մենք նախ՝ Ադրբեջանի հետ պետք է ունենանք կարգավորված հարաբերություններ, որոշակի շփումներ, որպեսզի հետո նման հարց քննարկենք»։
ՔՊ-ական պատգամավորը հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց գազն այնտեղից ձրի չի ստանում։
«Ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին մեր ռազմավարական դաշնակիցը գազի համար կուտակված 300 մլն դոլար պարտքի դիմաց ՀՀ-ից վերցրեց որոշ ռազմավարական օբյեկտներ, ու դա նորմալ է, վերցրել ենք՝ պիտի վճարենք»,-ասաց Թունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքմենստանն Ադրբեջանին կապող գազի խողովակաշար գոյություն չունի.Արմեն Մանվելյան
- Թուրքիայում գրանցվել է բնական գազի սպառման ծավալի նվազում
- Գազի գինը չի բարձրանա