«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
«Հավերժի ճամփորդներ. անուններ, պատմություններ և երազանքներ». այսպես է Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրության խորագիրը, որի շնորհանդեսը կայացավ այսօր։ Այն նվիրված է մեր հերոս, քաջ տղաներին՝ հավերժի ճամփորդներին, ովքեր կիսատ թողեցին բազում երազանքներ՝ չխնայելով ամենաթանկը՝ կյանքը։ Նրանք իրենց սխրանքներով դարձան հայոց պատմության մի մասնիկը՝ գրելով իրենց անունները «Հավերժի գրքում»։
Դեռևս 2020 թ. վերջերից թանգարանը սկսել էր իրականացնել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայ քաջորդիների մասին նյութերի հավաքչական աշխատանքը: Այսօր թանգարանում են պահվում զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Հայաստանի պատմության թանգարանի «Նոր և նորագույն պատմության» բաժնի վարիչ Սեդա Գալստյանը լրագրողների հետ զրույցում ասում է՝ նրանցից յուրաքանչյուրը մի պատմության դաս է այսօր մեր սերնդի համար։
«Պետք է իմանան մեր հերոս տղաների սխագործությունների մասին, նրանց հայրենասիրական տեսակը պետք է վարակիչ լինի նաև մեր ապագա սերունդների համար»,- նշում է Ս.Գալստյանը։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով, այս մասունքները ծառայելու են ոչ միայն թանգարանին, այլ սերունդներին՝ մարդիկ իմանան, հիշեն ու այդպես դաստիարակվեն, որ հայրենիքի համար հնարավոր է տալ նաև ամենաթանկը՝ կյանքը։
Առցանց ցուցահանդեսի շնորհանդեսին ներկա զոհված տղաների հարազատներն արցունքներն աչքերին հետևում են «Հավերժի ճամփորդների» լուսանկարներին, լսում նրանց պատմությունների ու երազանքների մասին, մտածում՝ հավերժության ճամփան բռնած իրենց որդիների մասին, որ եթե ողջ լինեին՝ այսօր ո՞ր երազանքի իրականացման ճանապարհին էին լինելու։
Կոնսերվատորիայի ուսանող Գոռ Թումանյանը երկու երազանք է ունեցել՝ երգել Իտալիայի Լա Սկալա թատրոնում, ի դեպ` հրավերը արդեն ստացել էր, գլխավոր շտաբը թույլ էր տվել, որ գնա, բայց Գոռը որոշել էր ծառայությունն ավարտի, նոր մեկնի երազանքի հետևից, երկրորդ երազանքն էր բացել երաժշտական դպրոց, որի տնօրեն դարձնելու էր մայրիկին…
Այսօր հայրը՝ Սեյրան Թումանյանը փորձում է ի կատար ածել որդու կիսատ մնացած երկրորդ երազանքը, Աշտարակի կենտրոնում կառուցվում է մշակութային կենտրոն ՝ նվիրված Գոռ Թումանյանի հիշատակին, որի տնօրեն դառնալու է մայրը՝ Մարինե Մնոյանը: Այստեղ կբացվի նաև Գոռին նվիրված թանգարանը:
Գոռ Թումանյանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 23-ին Վարանդայում մարտական թեժ գործողությունների ժամանակ` կամավորական հոր ՝ Սեյրան Թումանյանի աչքի առջև: Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար», «Մարտական ծառայություն» մեդալներով և «Քաջարի մարտիկ» կրծքանշանով:
Panorama.am-ի հետ զրույցում Գոռի հայրը՝ Սեյրան Թումանյանն ասում է. «Նա շատ երազաքներ ուներ, բայց մենք գոնե այդ մեկն ուզում ենք իրականացնել՝ այդպես հավերժացնելու Գոռին»։
Յուրի Աղասարյանի մորաքույրը՝ Կարինե Բաղդասարյանը նշում է. «Բոլորիս համար ցավ է, որ մեր տղաներն այսօր մեզ հետ չեն, այլ հավերժի ճամփորդներ են։ Մինչև օրս դժբախտ իրականության մեջ ենք ապրում բոլորս»։
Յուրի Աղասարյանը սեպտեմբերի 27-ին իր զինակից ընկերների հետ միասին մեծ կորուստներ է հասցրել թշնամուն՝ խոցելով մեկ Դ-30, ԿԱՄԱԶ իր Դ-30 հրետանիներով, տալով մեծ քանակությամբ մարդկային զոհեր։ Անմահացել է կռվի առաջին օրը` իր 3 ընկերների հետ՝ ԱԹՍ-ի հարվածից։ Իր սխրագործությունների համար Յուրա Աղասարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»։
Առցանց ցուցադրությունն իրականացվել է Հ.Բ.Ը.Մ.-ի հետ համագործակցության արդյունքում:
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Աշտարակում կառուցվում է 44-օրյա պատերազմում անմահացած Գոռ Թումանյանի անունը կրող կրթօջախ
- Գոռ Թումանյանի կյանքի ու կռվի վերջին երգը խրամատում