Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ, պետություն է,թե` էթնիկ խումբ»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը՝ անդրադառնալով Ալիևի օրերս հնչեցրած հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմաններից են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունն ու Հայաստանի զինանշանից Արարատ լեռան փոփոխությունը։ «Հայաստանում նրանք շատ լեռ ունեն, եթե ուզում են, թող ընտրեն մեկ ուրիշը»,-ասաց Իլհամ Ալիևը։
Պրոֆեսորի խոսքով՝ խորհրդանշանները պատմության ամփոփումն են, ինքնության արտահայտումն ու խորհրդանշանը։
«Այսօր իրավիճակը փոխվել է, տեղի են ունենում աշխարհաքաղաքական փոփոխություններ և առկա է պարտադրանք՝ արտաքին ուժերի կողմից։ Չեմ կարծում,թե Արարատ լեռան Հայաստանի զինանշանի վրա լինելու խնդիրը որևէ առնչություն ունի Հայաստանի ներկա պետության որևէ հավակնության հետ։ Թշնամին հաղթել է, հանրույթը ռազմականորեն թույլ է, իսկ աշխարհը, որը կարող էր աջակցել, անտարբեր է։Արդյունքում Ադրբեջանը, Թուրքիայի հետ համատեղ կամ նրա թելադրանքով, փորձում է պարտադրել փոփոխություններ Հայաստանի ներքին կյանքում»,- ասաց Պետրոսյանն ու հավելեց՝ ակադեմիական կամ միջազգային իրավունքի խնդիր չէ, զուտ քաղաքական ընդգծված ճնշում է հակառակորդի կողմից, որն անընդհատ սպառնում է զանազան պատժամիջոցներով, պատերազմով և այլն։
Ոչ թե որպես հետազոտող, այլ որպես Հայաստանի քաղաքացի կարծում եմ, որ սա զուտ ֆիզիկական, ռազմական ճնշում է Հայաստանի վրա և վաղը, մյուս օրը կարող են շատ ավելի անհեթեթ պայմաններ առաջադրվել։ Դրա հիմնական նպատակը հետևյալն է՝ «այն,ինչ եղել է անցյալում, գոյություն չունի և անցյալը պետք է վերասրբագրել»՝ ելնելով Հայաստանի մերօրյա ծանր իրավիճակից։ Սա բռնություն է , ճնշում, միջազգային ցանկացած ինքնիշխան պետության հանդեպ անընդունելի գործելակերպ։ Մերօրյա քաղաքական իրավիճակը փորձում են տարածել պատմության և ինքնության վրա, ինչը մարդու իրավունքների տեսակետից միանգամայն անընդունելի է, նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքի տեսակետից։ Պարզ է՝ չկա իրավական և բարոյական որևէ հիմք, կա զուտ բռնի, կոպիտ քաղաքական ճնշում»,- ասաց նա։
Այն, ինչը փաստ է, ապացուցման կարիք չունի։ Հետազոտողը նշում է՝ Արարատ լեռը հայի ինքնության խորհրդանիշն է և հիմա փորձ է արվում ջնջել այն։
«Արարատն այն եզակի խորհրդանշանն է, որը ոչ միայն հայերն են համարում իրենց, Հայաստանի պատմությունն ու ապագան խորհրդանշող, այլև ողջ աշխարհը։ Մոտավորապես 13-րդ դարից սկսած եվրոպական ճանապարհորդներն անընդհատ պատմություններ են տարել Եվրոպա ՝ ներկայացնելով, որ Արարատ լեռը, որի վրա իջել է Նոյան տապանը գտնվում է Հայաստանում։ Նույնիսկ ամենավաղ քարտեզանման պատկերներում, սկսած 8-րդ դարից, երբ խոսք էր գնում կորուսյալ դրախտի կամ դրախտը ոռոգող չորս գետերի ու Նոյան տապանի մասին, Հայաստանն առանձնացվում էր կորուսյալ դրախտի նախահայրենիք՝ որպես Նոյի տապանի իջման վայր։ Սա այն եզակի դեպքն է ,երբ ոչ միայն հայերն են ստեղծել իրենց երկրի համար խորհրդանիշ,այլ ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես սրբազան պատմության մի մաս։ Սկսած 13-րդ դարից մեկ անգամ չէ, որ Արարատ լեռը նույնացվել է հայերի հետ, դա ռեալ է, իրական է նաև մեր օրերում։ Կան բազմաթիվ հետազոտություններ՝ «Վերադարձ դեպի Արարատի երկիր», «Արարատի պատմությունը», որոնց տակ ժամանակակից հետազոտողները նկատի են ունենում Հայաստանը, ոչ թե Հայաստանի հանրապետության ներկայիս սահմաններն, այլև Հայաստանը որպես քաղաքակրթական ֆենոմեն»,- ամփոփեց Համլետ Պետրոսյանը։
Ավելի մանրամասն՝ հղմամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան