Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են կատարվածի համար: Տեսանյութը հրապարակել է ՀՀ քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերևույթ հրաժարվելու դեպքի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Ես Ասատուր Չոբանյանն եմ։ Ես իմ զինակից ընկերների հետ մեկնել ենք Կիրանց գյուղ, այնտեղ մեզ դիմավորել են մի շարք լրագրողներ և ցուցարարներ, և իբր մենք՝ զինվորականներիս, գնացել ենք այնտեղ և միացել ենք ցուցարարներին։ Ուստի հայտնում եմ՝ այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել։ Մենք զինվորականներ ենք պետք է կատարանեք մեր առջև դրված խնդիրները»,- ուղերձում ասել է նա։
Իջևանի զորամասի զինծառայող Ֆելիքս Բաղումյանն էլ հայտարարել է. «Ուզում եմ երեկվա դեպքերի հետ կապված ասել, որ մենք կապ չունենք էդ ցուցարարների հետ, ոչ մի քաղաքական հայացքներ չկան մեր մեջ։
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, մեր արածի համար զղջում ենք, խնդրում եմ ձեր ներողամտությունը, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնեք»։
Հիշեցնենք՝ նախօրեին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտնել էր, որ տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:
Հարակից հրապարակումներ`
- Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
- ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
- Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
- Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին