Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանը նշեց. «Թշնամական երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս կառավարության ղեկավարը գրեթե միանձնյա, եթե ոչ ամբողջությամբ, որոշել է անհասկանալի կերպով միակողմանի զիջումներ կատարել մեր պետության սահմաններից։ Մեր ընդվզումը դրա մասին է։ Սա խախտում է ՀՀ օրենքի, ընթացակարգի սահմանազատման ու սահմանագծման առումով, միջազգային պայմանագրերի սկզբունքի»։
Խոսելով երեկ տեղի ունեցած դեպքի մասին, նա ասաց. «Երեկ գիշեր մգեցված ապակիներով առանց համարների անհայտ ինքնությամբ մարդիկ գաղտագողի մուտք են գործել այսպես կոչված հանձնվելիք տարածքներ, ինչ-որ անհայտ գործողություններ են արել։
Ժողովրդի զայրույթն այն էր, թե ով են մեքենայի մեջ գտնված մարդիկ, բոլոր հնարավոր տվյալները ծածկված են։ Պահանջն էր՝ իջնեն, մի քանի մետր հետ գնան, տեսնեն այդ մարդկանց։
Երբ ժողովուրդն իրավամբ ընդվզեց, ոստիկաններն ուժ կիրառեցին։ Ողջամիտ կասկածներ կային, որ այդ մեքենայի մեջ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևն են եղել: Վստահաբար չեմ ասում, բայց դուք իրավունք եք տվել ամեն ենթադրություն անելու։ Եթե այդքան շիտակ էիք, թող ուղղությունը տային, մարդիկ էլ իրենց գործն անեին։ Ես չեմ հաստատում, չեմ ասում, որ դա այդպես է»։
Ինչ վերաբերում է ոստիկանների գործողություններին, Բագրատ Սրբազանն ասաց, որ իրեն Տավուշի ոստիկանապետը հավաստիացրել է, թե լուսաձայնային նռնակ իրենք չեն կիրառել. «Ժողովուրդն էլ ինձ ասաց, որ իրենք չեն նետել, երևի երկնքից ասուպ է ընկել»։
«Սիրելի ոստիկաններ, սա ձեր խնդիրը չի, մի մտեք դրա մեջ։ Դուք մասնակից եք լինում մի այնպիսի գործընթացի, որը վճռելու է մեր երկրի ճակատագիրը։ Վստահ չեմ, որ երեկ գիշերը դուք տուն եք գնացել ու հանգիստ քնել եք, որ ոտնակոխ եք արել երեխաների, կանանց, ինչի՞ համար, որ իրենց տան, հայրենիք իրավո՞ւնքն են պահում։ Գիտեմ, թե ինչպիսի ծանր հոգեվիճակում եք գտնվում, մտածեք, թե ինչին եք դուք ծառայում՝ ստի՞ն եք ծառայում, թե՞ ճշմարտությանը։
Սա իմ հոգևոր տարածքն է, և որևէ մեկը, ով էլ ուզում է լինի աստիճանով, իրավունք չունի ոչ սպառնալիքով խոսելու, ոչ էլ, առավել ևս, փորձել ոտնակոխ անել իմ ժողովրդին։ Ասելիք ունեք՝ եկեք, ասեք, կստանաք ձեր պատասխանները»,-ասաց Սրբազանը։
Նա ոստիկաններին հորդորեց իրենց պահել այնպես, ինչպես վայել է հայ տղամարդուն․ «Դուք ծառայության մեջ եք, դուք ծառա չեք»։
Բագրատ Սրբազանին քաղաքացիները տեղեկացրեցին, որ տարածք ականազերծողներ են եկել։
Նա շարունակեց իր խոսքը. «Երեկ Կիրանցում դարձյալ ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ, ամեն ինչ անելու է այս ժողովրդին վերջնականապես ստորացնելու և ջարդելու համար։
Ես ուզում եմ կոչ, հրավեր, հորդոր, խնդրանք ուղղելու մեր ժողովրդին. 30 տարի շարունակ այս սահմանապահ ժողովուրդը պահել է ամբողջ ՀՀ-ն ու հայության պատիվը։ Հիմա ժամն է, որ բոլորդ ձեր ձայնը բարձրացնեք, արտայտեք ձեր ընդվզումը կամ կողմ լինելը։ Խխունջացած մի ապրեք»։
Բագրատ Սրբազանի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
- Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
- Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
- Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան