Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների առևտրաշրջանառությունը զգալի անկում է ունեցել՝ հիմնականում պայմանավորված զբոսաշրջային ծառայությունների արտահանման և ներմուծման նվազմամբ։ Այս մասին գրում է տնտեսագետ Աղասի Թավադյանը՝ ուսումասիրելով Հայաստանի վճարային հաշվեկշռի եռամսյակային տվյալները։
«2021 և հատկապես 2022 թվականին առկա են ծառայությունների առևտրաշրջանառության վերականգնողական աճ, որը շարունակվել է մինչև 2023 թվականի չորրորդ եռամսյակը։ 2023 թվականի չորրորդ եռամսյակում արդեն գրեթե բոլոր ծառայությունների արտահանումը կրճատվել է։ Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել»,-նշում է նա։
Տնտեսագետի խոսքով, Հայաստանի 2023 թվականի ծառայությունների արտահանման հիմնական ոլորտներն են եղել ճանապարհորդությունը և ՏՏ ծառայությունները՝ համապատասխանաբար 3 մլրդ և 1 մլրդ դոլարի, որոնք կազմել են 2023 թվականի ծառայությունների արտահանման համապատասխանաբար 53.5 և 19.1 տոկոսը։ Այս ծառայությունների 2022-23 թվականների աճը ապահովել է նաև մեր տնտեսական աճի զգալի հատվածը։ Ծառայությունների կրճատման տենդենցը, որը կարող է շարունակվել 2024 թվականին, մտահոգիչ է հատկապես ընթացիկ հաշվեկշռի և բյուջեի մասին oրենքով պլանավորված 7 տոկոս տնտեսական աճի ապահովման տեսանկյունից։
Երկուս ու կես տարի վերականգնողական և կտրուկ աճից հետո 2023-ի 4-րդ եռամսյակից գրեթե բոլոր ծառայությունների արտահանումը և ներմուծումը կրճատվել են։ 2023 թվականի չորրորդ եռամսյակի հարաբերակցությունը երրորդ եռամսյակին ցույց է տալիս, որ տուրիստական կամ ճանապարհորդական ծառայությունները կրճատվել են գրեթե 2 անգամ՝ 42.6 տոկոսով, չնայած որ տարեկան կտրվածքով տուրիստական ծառայությունների արտահանումը աճել է 23.3 տոկոսով՝ հասնելով 3 մլրդ դոլարի։
«Այսինքն տուրիստները 2023-ին Հայաստանում գնել են 3 մլրդ դոլարի տուրիստական ծառայություններ։ 2023-ի աճը հիմնականում ձևավորվել էր առաջին 3 եռամսյակների շարունակական աճի հաշվին։ Նշենք նաև, որ 2022 թվականին ծառայությունների արտահանումը աճել է ավելի քան 3 անգամ՝ հիմնականում ի հաշվի հետհամաճարակային վերականգնման աճի և ռուսական տուրիստների և ռելոկատների մեծ քանակությամբ ավելացմամբ»,-գրում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան