Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը՝ պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյանի ղեկավարությամբ։ Պեղումների ավարտից հետո կպատրաստվի հուշարձանախմբի վերականգնման նախագիծը։ Հնագիտական աշխատանքները ֆինանսավորել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ XIII-XIV դարերի քաղաքացիական ճարտարապետության լավագույն գործերից մեկի սյուների բեկորները և հսկա քանդակազարդ, ծաղկահյուս հիմքերը այսօր էլ պահպանվում են:
Չեսարի դարպասի (Չեսարի ապարանք) վերաբերյալ վկայություններ են հասել դեռևս Ստեփանոս Օրբելյանի ուսումնասիրություններից։
Հայաստանում քիչ են պահպանվել նմանօրինակ իշխանական տները։
Իշխանական ապարանքը բաղկացած է եղել երկու մասից` բուն տունը և դրա առաջին սրահը: Տունը ծածկված է եղել փայտյա գերաններով, որոնք հենվել են չորս քարե սյուների վրա:
Պահպանվել են այդ սյուների բեկորները, քանդակազարդ, ծաղկահյուս հիմքերը, կամարակապ դռան երկու կողմերում գտնվող չորսական պատուհանները, որոնք նույնպես կամարակապ են և կարծես երկհարկ լինեն:
Վիմագիր արձանագրությունների մեջ հիշատակված է ինչպես Չեսար իշխանը, այնպես էլ նրա կին Խորիշահը:
Տունը կառուցված է եղել սրբատաշ կրաշաղախ քարով և պահպանվել մինչև XX դարի կեսերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան