Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունները միասին. Դավիթ Անանյան
«Ըստ էության, Տավուշում սկսվել է ոչ թե սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ, այլ սահմանագծման գործընթաց շատ կոշտ գործիքակազմով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պետական եկամուտների նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Նա նշեց, որ քանոնով ու մատիտով քարտեզի վրա ուղղակի սահմաններ են գծվում՝ մեկ կողմի քմահաճույքը մյուս կողմի համար պարտադիր կատարման ենթակա օրակարգի ներքո։
«Հիմա դասական սահմանազատման գործընթաց, ըստ էության, մենք չունենք։ Սա պետք է բարձրաձայնենք, միջազգային հանրությունը, միջազգային կենտրոնները, որոնք ողջունել են այս սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները, եթե նույնիսկ գիտեն, իրենց դիմակները պատռելու կամ իրենց տեղեկացնելու համար մենք առնվազն պետք է ասենք, որ սա սահմանազատման գործընթաց չէ, սա ուղղակի տարածքների հանձնման, նոր սահմանների գծման տարօրինակ գործընթացների ներքո կատարվող ինչ-որ տարօրինակ ազգադավ գործընթաց է»,- ասաց Դ. Անանյանը։
Նա ընդգծեց, որ պետք է ոտքի կանգնել՝ այսօր առնվազն գործընթացը կանգնեցնելու համար։
«Այսօր միջազգային հանրության մոտ պետք է ձևավորել այն տեսակետը, որ այսօր Հայաստանի իշխանությունները և Ադրբեջանի իշխանությունները գործում են մեկ կողմի գաղափարով՝ մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում այս երկրի ու Ադրբեջանի իշխանությունները միասին։
Այս մեսիջը պետք է կարողանանք հասցնել։ Այսինքն, կողմերի միջև համաչափ պահանջներ կամ համաչափ օրակարգեր ձևակերպելու հնարավորությունները բացակայում են, որովեհտև մի կողմում ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունները միասին։ Այս գործընթացը պետք է կարողանանք կանգնեցել»,- նշեց Անանյանը։
Նա ասաց, որ այսօր պայքարի իսկական օջախը Տավուշն է, բայց պայքարի իրական թատերաբեմը Երևանն է։
«Այս ձևակերպումը ենթադրում է քաղաքական համախմբում բոլոր քաղաքական ուժերի և գործընթացներին մասնակից լինելու պատրաստակամություն ունեցող անձնաց մոտ։ Պետք է լինի քաղաքական առաջնորդություն։ Հոգևոր առաջնորդություն, որը գլխավորում է Բագրատ Սրբազանը, վստահ եմ, Վեհափառ Հայրապետի օրհնանքի ներքո, շատ կարևոր է ու շատ անգնահատելի է, բայց դրա քաղաքական առաջնորդությունը պետք է ստաձնեն քաղաքական գործիչները քաղաքական լայն ապակուսակացական, ապաքաղաքական կոնսոլիդացիայի ներքո»,- ասաց Դավիթ Անանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան