Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հիշեցնելով, որ տարվա այս ժամանակաշրջանին առավել բնորոշ են ցիկլոնները, հորդառատ տեղումները, Երևանում ու Արարտյան դաշտվայրում օդի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 22-23 աստիճան տաքությունը։
Ապրիլի կեսերից հանրապետությունում գրանցված բարձ ջերմաստիճանը պայմանավորված է Արաբական թերակղզու շրջաններից ներթափանցած արևադարձային տաք հոսանքներով, դրա հետևանքով արձանագրվեց նաև ծայրաստիճան չորություն։
«Ապրիլի 16-ից սկսած հանրապետությունում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 8-10 աստիճանով, որն ուղեկցվել է տեղումնազուրկ օրերով։ Մենք այս օրերին ունենք հունիսյան ջերմաստիճան։ Սակայն մենք սպասում ենք, որ մայիսի 2-ից արևադարձային տաք հոսանքը նահանջելու է դեպի հարավ, որտեղից եկել է՝ իր տեղը զիջելով արևմուտքից ներթափանցող ցիկլոնային պրոցեսներին, ամսի 2-ից ու դրան հաջորդող հինգերորդ օրերին մեր երկիրը գտնվելու է այդ ցիկլոնի ազդեցության գոտում»,-մանրամասնեց Սուրենյանը։
Արևմուտքից ներթափանցող ցիկլոնն իր հեր կբերի ամպրոպային բնույթի անձրևներ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ, ամպրոպները կուղեկցվեն քամու ուժգնացմամբ՝ մինչև 23 մ/վ արագությամբ, հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը կնբազի 8-10 աստիճանով։
Նշենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած կանխատեսումների համաձայն Երևանում ապրիլի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ին կեսօրից հետո, 3-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Մարզերում ապրիլի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 2-4-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 2-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 2-4, ցերեկը՝ 7-10 աստիճանով։