Ես մեզ բոլորիս մաղթում եմ նման դեպքերից հեռու մնալ. Ավինյանը՝ հայտնաբերված 257 մլն դրամի աղբամանի բացակայության մասին
«Երևանի «Աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնակում 2022-2023 թ գործունեության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բացակայում են Երևան քաղաքի հաշվեկշռում հաշվառված 201 հատ մետաղական աղբաման, միավորի արժեքն 138 հազար դրամ և ընդհանուր 27 մլն 738 հազար դրամ արժեքով, ինչպես նաև 2551 հատ պլասմասե աղբաման, միավորի արժեքը 88 500- 91 750 դրամ, 229 մլն դրամ արժողությամբ, ընդհանուր 2752 հատ աղբաման՝ 257 մլն դրամ ընդհանուր արժեքով»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Աննա Գևորգյանը։
Ներկայացնելով ուսումնասիրությունների արդյունքները՝ վերջինս ասաց, որ նաև վառելիքի և այլ ապրանքների անհամապատասխանության մասին են բացահայտումներ եղել։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ հայտնաբերված ուսումնասիրությունների համապատասխան մասը պետք է փոխանցվի իրավապահ մարմիններին։
«Մեր բոլորի աշխատանքը շատ պատասխանատու է և այդ պատասխանատվությունը բազմակողմանի է, և՛ սխալ ձևով կազմակերպելն է վտանգավոր, և՛ անգործությունը»,- ասաց Ավինյանը։
Նա վստահեցրեց, որ քաղաքական որոշումներ կընդունեն, որոնք կնպաստեն աշխատանքին, իսկ նրանք ովքեր չեն աշխպատի կփոխարինվեն։
Ավինյանը նաև հայտարարեց, թե կցանկանար, որ նման ակնհայտ չարաշահումների վերաբերյալ ապագայում զեկույցներ չլսել։
«Ես մեզ բոլորիս մաղթում եմ նման դեպքերից հեռու մնալ և աշխատանքը կազամկերպել օրենսդրությանը և մեր որոշումեներին համապատասխան»,-ասաց Տիգրան Ավինյանը։