Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, և մենք ՀԱՊԿ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք, որի առաքելությունն է պաշտպանել անդամ երկրների ինքնիշխան տարածքները և սահմանները»,-այս մասին «Al-Jazeera»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Երևանն այս փուլում վերանայու՞մ է իր հարաբերությունները, դաշինքները, պատկանելիությունը տարածաշրջանային կամ միջազգային որոշակի ձևաչափերին:
«Այսպիսով, երբ այդ ներխուժումները տեղի ունեցան, մենք չտեսանք պատշաճ գործողություն այն կազմակերպության կողմից, որին մենք անդամակցում ենք: Եվ պետք է նաև հիշել, որ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որը, ինչպես ասացի, կոչված է պաշտպանելու անդամ երկրների սահմանները։ Պատշաճ արձագանքի բացակայությունը հարցեր առաջացրեց հայ հասարակության մեջ, և մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի։ Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա»,-ասել է Միրզոյանը։
Հարցին, արդյո՞ք դա ենթադրում է այլ հարաբերություններ Ռուսաստանի հետ, Միրզոյանն ասել է.
«Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, և այո մենք ունենք երկխոսություն այդ հարցերի շուրջ: Դրանց մեջ կան հարցեր որոնց շուրջ պետք է լիակատար և փոխըմբռնում, բայց ես կարծում եմ, որ այդպիսի խնդիրներ բոլոր հարաբերություններում կան: Զուգահեռ, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում և հայ-ադրբեջանական սահմանի երկանքով կայունության ապահովման հարցերում մենք խորացնում ենք մեր հարաբերություններն այլ գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. նրանք մեր հիմնական գործընկերներն են ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովման հարցում և այլն: Արդեն երկրորդ տարին է, ինչ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունն այս իրավիճակի էական նպաստող գործոններից է»։