Տնտեսական ակտիվությունը շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը. Մարտին Գալստյան
«2024 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%»,- այդ մասին Ասուլիսում հայտնեց ԿԲ Նախագահ Մարտին Գալստյան:
Նա տեղեկացրեց, որ խորհուրդը գնահատում է, որ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար:
Գալստյանը հյատնեց, որ 2024 թ-ի 1-ին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2%, 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ մարտին կազմելով -0.7%:
ԿԲ նախագահը հայտնեց, որ Հայաստանի գործընկեր երկրներում գերտաքացած աշխատաշուկայի պայմանները շարունակում են նպաստել բարձր պահանջարկի պահպանմանը:
Նա հայտնեց, որ տարեսկզբից Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակում է որոշակի ռիսկեր առաջացնել էներգակիրների համաշխարհային գների հետագա աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից: Այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերը, մասնավորապես՝ ԱՄՆ ԴՊՀ-ն, առաջիկայում ավելի երկար կպահպանեն դրամավարկային խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ:
Հայտնելով որ 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը՝ Գալստյանը հայտնեց, որ վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության և երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից:
«Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը թուլանում է, իսկ ներքին պահանջարկին շարունակում է նպաստել մասնավոր ներդրումների բարձր աճը: Միևնույն ժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական։ Արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունների, նախորդ տարիներին իրականացված դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման պայմաններում ցածր գնաճային միջավայրը պահպանվում է: Միաժամանակ, աշխատուժի առաջարկի ավելացումը որոշակիորեն մեղմում է աշխատաշուկայի պայմանները, ինչն էլ արտահայտվում է աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների նվազմամբ»,- հայտնեց ՀՀ գլխավոր դրամատան նախագահը:
Նա հայտնեց, որ ԿԲ խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ գործընկեր երկրներում պահպանվող ավելի խիստ դրամավարկային պայմանները, ինչպես նաև երկրի ռիսկի հավելավճարի և չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները, պահանջում են քաղաքականության՝շուկայական սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք՝ գների կայունության նպատակի ապահովման ռիսկերը կառավարելու համար։
«Մյուս կողմից, Խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ աշխատուժի առաջարկի շարունակական ընդլայնումը և պահանջարկի արագ թուլացումը կհանգեցնեն գնաճի ցածր մակարդակի երկար պահպանմանը: Սա ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար»,- հայտնեց Մարտին Գալստյանը և տեղեկացրեց, որ այդ դիտարկումների արդյունքում՝ ԿԲ խորհուրդը որոշել շարունակել դանդաղ տեմպերով աստիճանական թուլացումը։
Նրա տեղեկացմամբ, Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝սահմանելով այն 8.25%
- Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան