Ալոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված «SHINE» ստեղծագործությունը
«Գրեմմիի» ներկայացված հայտնի արտիստ Ալոե Բլեքը կներկայացնի իր «SHINE» ստեղծագործությունը՝ նվիրված «Ավրորայի» հերոսներին: Երգի պրեմիերան տեղի կունենա 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողության ժամանակ Լոս Անջելեսում:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից հայտնում են, որ «Ավրորա» մրցանակը (1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ) կշնորհվի բացառիկ հերոսի՝ հիմք ընդունելով նրա ցուցաբերած խիզախությունը, նվիրվածությունը եւ ունեցած ազդեցությունը: «SHINE» երգի ոգեշնչման աղբյուր են հանդիսացել այն հերոսներն իրենց համառությամբ եւ խիզախությամբ, որոնք պայքարում են հանուն արդարության եւ մարդկության: Այս նոր ստեղծագործությունը կթողարկվի բոլոր հարթակներում պրեմիերայի կենդանի կատարմանը զուգընթաց՝ 2024 թ. մայիսի 9-ին՝ Կալիֆորնիայի ժամանակով 21:00-ին:
«Ես միշտ խոր հիացմունք եմ ունեցել նրանց հանդեպ, ովքեր համբերատար հաղթահարել են անմարդկային փորձություններ, ինչպես օրինակ՝ Նելսոն Մանդելան, որն ի վերջո դուրս բերեց իր ժողովրդին խավարից», - ասաց Բլեքը: «Խիզախ մարդիկ, ինչպիսիք են Աբդուլհադի ալ-Խավաջան, Դենիս Մուկվեգեն եւ Նասրին Սոթուդեն, որոնք պատրաստ են իրենց կյանքը վտանգել հանուն ուրիշների, ինձ հույս են տալիս, որ բարին կհաղթի չարին»:
Հարավային Կալիֆորնիայում ծնված Բլեքը երաժշտությամբ է տարվել եւ սկսել երգեր գրել դեռ վաղ հասակում՝ դառնալով համաշխարհային հիթերի հեղինակ, ինչպիսիք են «I Need a Dollar» եւ «The Man» երգերը: Նա նաեւ Ավիչիի հետ համահեղինակել է եւ ապահովել «Wake Me Up» մեգահիթի վոկալը, որը 22 երկրում գլխավորել է երաժշտական աղյուսակները: Բլեքը երկար ժամանակ զբաղվում է բարեգործությամբ, այժմ, համագործակցելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ, նա ընդլայնում է իր հանձնառությունը սոցիալական խնդիրների հաղթահարման գործում:
«Երաժշտությունը ողջ մարդկությանը ոգեշնչելու եւ համախմբելու ուժ ունի: Մենք շնորհակալ ենք Ալոե Բլեքին՝ իր մեծ տաղանդի, «Ավրորայի» հետ համագործակցելու եւ «SHINE» երգի համար, որը կօգնի մեզ շարունակել ուշադրության կենտրոնում պահել մարդասերների կարեւոր առաքելությունն ամբողջ աշխարհում», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը: «Մենք ողջունում ենք Ալոեին իր տաղանդը հանրությանն ի նպաստ բերելու համար եւ հուսով ենք, որ «SHINE» երգը լսելիս մարդիկ հաղորդակից կլինեն նրա խոսքի ուժին եւ հույսի ուղերձին»:
«Բոլոր մարդիկ իրավունք ունեն ուրախության, ապահովության, արժանապատվության եւ մարդկային վերաբերմունքի: Բոլորս այստեղ ենք, որպեսզի զգանք լավագույնը, որ կարող է տալ կյանքը»,- ասաց Բլեքը: ««SHINE»-ի հետ ես ձեզ եմ փոխանցում նաեւ կարեկցանքի եւ ոգեշնչման խոսքեր` նպաստելու սոցիալական դրական վերափոխմանը: Հուսով եմ, որ այս երգը կխրախուսի մյուսներին՝ միանալու «Ավրորայի» համաշխարհային մարդասիրական շարժմանը»:
Լուսանկարը՝ Զաք Բելլի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա