«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիան»-ից փայ մտնելու գործընթացը
«Հրապարակ»-ը գրում է.
«Դեռևս մարտի 26-ին Էկոնոմիկայի նախարարությունն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը պետք է ստորագրեին պայմանագիր, որով ընկերության փայաբաժնից 12.5 տոկոսը պետք է տրվեր կառավարությանը։ Այսինքն՝ «Լիդիան»-ից փայ մտնելու գործընթացին հանդիսավորություն էին հաղորդել, կարես ոչ թե հանքարդյունաբերության ոլորտի մասնավոր ընկերությունից փայաբաժին ստանալու մասին էր խոսքը, այլ, ասենք, Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմավարական դաշնակցային պայմանագիր ստորագրելու։
Միջոցառմանը հրավիրվել էին ԶԼՄ-ներ, ինչի մասին վաղօրոք հանդիսավորությամբ հայտարարել էին, սակայն բուն միջոցառման օրը ԶԼՄ-ներին տեղեկացրել էին, որ միջոցառումը տեխնիկական պատճառներով չեղարկվում է։ Մենք գրավոր հարցում ուղարկեցինք Էկոնոմիկայի նախարարություն՝ հարցնելով , թե այդ ի՞նչ տեխնիկական խնդիրներ են, որոնք շուրջ 1 ամիս է հնարավոր չի լինում հարթել։
Ե՞րբ է ընկերությունը մասնաբաժինը փոխանցելու կառավարությանը։ Նախարարությունից մեզ պատասխանել են․
«ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև պայմանագրի ստորագրման տեխնիկական խնդիրները հարթված են։ Պայմանագիրն առաջիկայում կստորագրվի, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
Մնում է պարզել, թե այդ ինչ տեխնիկական խնդիր էր, որի պատճառով չեղարկվեց անոնսված միջոցառումը և ինչպես հարթվեց այն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։