Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
Աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում Հայաստանում, մայիսի 1-ը տոն է՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը: «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում այս օրը ամրագրված է որպես Աշխատանքի օր, այն ոչ աշխատանքային է:
Panorama.am-ը հետաքրքրվեց քաղաքացիներից, թե ինչքանո՞վ են Հայաստանում պաշտպանված աշխատողների իրավունքները։ Որպես առաջին ու հիմնական խնդիրներ նշվում է, որ աշխատաժամն ու դրա դիմաց վարձատրությունը իրար հետ որևէ կապ չունեն։
«Շատ են աշխատում, քիչ են վարձրատրվում»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ մասնավոր սեկտորում ավելի շատ են խնդիրները. «Աշխատողների հետ պայմանագիր են կնքում 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով, բայց աշխատեցնում են 10-12 ժամ։ Քանի որ աշխատողը կախված է տվյալ հիմնարկի տնօրենից, ով կարող է գրչի մի հարվածով նրան աշխատանքից ազատել, աշխատակիցը լռում է ու չի պաշտպանում իր իրավունքները»։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ Հայաստանում կան աշխատատեղեր, ուղղակի ցանկացող չկա այդ աշխատանքը կատարել, դրա համար էլ դրսից մարդիկ են գալիս ու Հայաստաում իրենց համար աշխատանք գտնում։
«Այն աշխատանքը, որ Հայաստանում չեն անի, գնում են ու արտերկրում անում են»,- ասաց քաղաքացին։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունն Աշխատանքի միջազգային օրվա առթիվ անցկացրեց ավանդական երթ Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից այգուց դեպի Հանրապետության հրապարակ։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ աշխատողների աշխատավարձը ցածր է, ու թեև օրենքով սահմանված է աշխատաժամանակ, սակայն Հայաստանում մշակույթն այնպիսին է, որ շատ աշխատողի վրա շատ բեռ է բարդվում, ու նա ավելի երկար է ստիպված լինում աշխատել։
«Ախատողները չեն ստանում իրենց աշխատածի արդյունքը, դրա համար չեն ոգևորվում, այդ իսկ պատճառով աշխատողներն այնքան էլ շահագրգռված չեն, որ պետական ծառայությունն ավելի որակյալ ծառայություն մատուցի։ Պետք է աշխատողները երաշխիք ունենան, կարճ աշխատանքային ժամ, բարձր աշխատավարձ, անձնական կյանքի հնարավորությունը, որ հետո էլ հաճույքով իրենց աշխատանքը կատարեն»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։