Լուվրը «Մոնա Լիզային» խոստանում է սեփական սենյակը
Ժամերով հերթեր են լինում Լուվրում՝ Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Մոնա Լիզա» կտավը տեսնելու համար, և ընդամենը մի քանի վայրկյան՝ գլուխգործոցը դիտելու համար: Ստեղծված իրավիճակից դժգոհ են և՛ զբոսաշրջիկները, և՛ թանգարանի ղեկավարությունը։ Եվրանյուզի հաղորդմամբ, նրանք որոշել են, որ դիմանկարին անհրաժեշտ է առանձին սենյակ։ Արդյո՞ք այն կտեղափոխվի։
Այս նկարն աշխարհի ամենահայտնի և ամենաշատ «այցելվող» արվեստի գործն է. տարեկան մինչև 10 միլիոն մարդ գալիս է Փարիզ՝ «Մոնա Լիզային» տեսնելու: Լեոնարդոյի գլուխգործոցը տեսնելու համար այցելուները մոտ երկու ժամ հերթ է կանգնում։ Շատերը հետագայում խոստովանում են, որ չարժեր։ Ինչո՞ւ։
Երբ արվեստասերները հոգնած վերջապես հասնում են այն սրահ, որտեղ կախված է «Մոնա Լիզան», նրանք հայտնաբերում են, որ իրականում չեն կարող տեսնել այն. փոքր չափի կտավը կախված է պատնեշի և պաշտպանիչ ապակե վահանակի հետևում: Լուվրի 16-րդ դարի իտալական գեղանկարչության բաժնի գլխավոր համադրողն ասում է, որ մեծ դահլիճում «Մոնա Լիզան» կարծես «փոստային նամականիշ է»: Ըստ փորձագետի, դա հակասում է նկարի հեղինակի գաղափարին։
«Լեոնարդո դա Վինչին ցանկանում էր անձնական հարաբերություններ հաստատել նկարի և այն նայող մարդու միջև»,- պատմել է նա։
Լուվրի աշխատակիցները չեն կասկածում, որ դիմանկարը պետք է պաշտպանված լինի։ «Մոնա Լիզայի» վրա մեկ անգամ չէ, որ ներկ, ապուր են լցրել, տորթ են նետել... Այցելուները կարող են նկարը նայել ոչ ավելի, քան 30 վայրկյան՝ հաղթահարելով սելֆի անող այլ զբոսաշրջիկների ձեռքերի ու գլխի արգելքը։ Կես րոպեից դահլիճի համադրողները դուրս են հրավիրում այցելուին, որպես մյուսները ևս կարողանան հասնեն սրահ։
Լուվրի տնօրինությունը եկել է այն եզրակացության, որ դիմանկարը պետք է այլ տեղում ներկայացնել։ Այդ թվում՝ հարգանքից ելնելով այն նկարի նկատմամբ, որը կախված է դիմացի հատվածում. այցելուները լիովին անտեսում են վենետիկյան դպրոցի մեծագույն վարպետներից մեկի՝ Պաոլո Վերոնեզե կտավերից մեկն է, կանգնելով մեջքով դեպի այդ նկարը, որպեսզի դիտեն «Ջոկոնդան»։
«Մոնա Լիզային առանձին սենյակ տեղափոխելը կարող է վերջ տալ հանրության հիասթափությանը և գերբեռնվածությանը», - ասում է թանգարանի տնօրեն Լորանս դե Կարսը:
Ճիշտ է, այդ քայլը կպահանջի զգալի վերանորոգման աշխատանքներ, ներառյալ Լուվրի նոր մուտքի բացումը և նկուղում երկու սրահների ձևավորումը՝ անմիջապես թանգարանի քառակուսի բակի տակ: Դրանցից մեկը, ըստ ծրագրի, կդառնա «Մոնա Լիզայի» նոր տունը. այցելուները կկարողանան անմիջապես գնալ այնտեղ, ինչը կնվազեցնի Լուվրի մոտ հերթերը։
Նախագծի արժեքը տպավորիչ է. Լեոնարդոյի գլուխգործոցը հարմարավետությամբ և պատշաճ նախազգուշական միջոցներով տեղավորելու համար կպահանջվի մինչև կես միլիարդ եվրո: Հաղորդվում է, որ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը աջակցում է Լուվրի նախաձեռնությանը, սակայն մնում է համոզել ֆինանսների նախարար Բրունո Լը Մերին: Նա ավելի վաղ ասել էր, որ հույս ունի 2025 թվականի բյուջեում խնայել 25 միլիարդ եվրո, կոչ է անում մշակույթի ոլորտին «ձգել ամրագոտիները»: