«Փաշինյանն ու նրա թիմը պետք է հեռանան». Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Նոր ուժ»։ Այսօր կայացավ կուսակցության հիմնադիր համագումարը, կուսակցության նախագահ ընտրվեց Հայկ Մարությանը:
Նրա խոսքով, իրենց նորաստեղծ կուսակցությունը իր արժեքային համակարգով կապված է եվրոպական սոցիալ-դեմոկրատիայի հետ։
«Կուսակցությունն սոցիալ-դեմոկրատական ուղղություն ունի, և մենք համագործակցելու են բոլոր այն ուժերի հետ, որոնք այս ուղղվածությունն ունեն։ Բացի դրանից, սահմաններ չենք դնելու համագործակցելու այն ուժերի հետ, որոնք ազնվորեն միտված են երկրի զարգացմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Մարությանը նշեց, որ իրենք պատրաստ են առաջնորդել բոլոր շարժումները, որոնք բխում են ժողովրդից։ Նա ասաց, որ պատրաստվում են հերթական ընտրություններին, բայց եթե ժողովուրդը ցույց տա, որ պատրաստ է փողոցային պայքարի կամ արտահերթ ինչ-որ գործողությունների, իրենց քաղաքական ուժն անպայման այդ ամենի կիզակետում։
Հ.Մարությանն ընդգծեց, որ իրենք արտաքին հովանավորներ չունեն. «Չենք էլ ունենալու, չենք էլ կարող ունենալ։ Որ կուսակցությունները, կուսակցությունների ղեկավարները, պրոպագանդիստները երբևէ ասեն, որ մենք Ռուսաստանի հետ կապ ունենք, Ռուսաստանի շպիոններն ենք, դա նիկոլական պրոպագանդան է, ով այդպիսի բան ասի, այդ պրոպագանդան է, հստակ ուղղորդված է»։
Կուսակցության հիմնադիր համագումարում ունեցած ելույթում Երևանի նախկին քաղաքապետն ասաց. «Արտաքին ուժերի անթաքույց միջամտությամբ և գործող իշխանության համաձայնությամբ փորձ է արվում փոխել ոչ միայն Երրորդ Հանրապետության հիմքում դրված իրավական փաստաթղթերը, այլև արմատապես ձևախեղել քաղաքական և մշակութային ինքնության ատրիբուտները։ Ներքին քաղաքականությունն ավելի ու ավելի ցցուն են դարձնում ժողովրդավարության զարգացման, մասնավորապես քաղաքական և տնտեսական ազատ մցակցության հարցում առկա խնդիրները։ 2018 թվականից առաջ գոյություն ունեցող կոռուպցիոն համակարգը վերանալու փոխարեն նոր դրսևորումներ են ի հայտ բերում։
Հայաստանը չի կարող թույլ տալ իրեն հայտնվել աշխարհաքաղաքական կենտրոնների բախումների թատերաբեմում։ Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրներն օգտվում են այս իրավիճակից։
Այս իշխանությունները որևէ վստահություն չեն ներշնչում։ Նրանք չունեն բավարար կոմպետենտություն, գիտելիքներ և կարողություններ այս կարևորագույն հանգրվանում Հայաստանն առաջնորդելու համար։
Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան»։