Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի միջոցառումները։
Մի քանի օր առաջ՝ դպրոցի դահլիճում Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ հենց բեմում հանկարծամահ է եղել աշակերտուհիներից մեկը՝ 13-ամյա Լիլիա Դավթյանը։ Նրան փրկելու նախ ներկաների, ապա բժիշկների բոլոր ջանքներն ապարդյուն են անցել։
«Շատ լավ երեխա էր, առույգ, աշխույժ, կենսուրախ։ Դպրոցի բոլոր նախագծերին մասնակցում էր։ Աննկարագրելի լավ երեխա էր, շատ լավ ծնող ունի, հետևողական։ Մեր աշակերտն է եղել ծնողը, նույնիսկ ասում էի՝ հերիք էդքան երեխայի հետևից գնաք-գաք, թող երեխեն հանգիստ իր մանկությունն իր ընկերների հետ անցկացնի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց թիվ 90 դպրոցի տնօրեն Սիրամարգ Խոցանյանը։
Տնօրենի խոսքով, պոլիկլինիկայի կողմից տրված ու դպրոց ներկայացրած թղթերում որևէ առողջական խնդրի մասին գրված չէ, ծնողը երբևէ չի ասել, որ երեխան խնդիր ունի, երեխան առաջին դասարանից պարի է գնացել, որևէ անգամ չի ասել, որ պարից հետո վատ է զգում, որևէ գանգատ չի ունեցել, ծնողը շատ հետևողական է եղել։
«Այդ օրը հաշվետու համերգն էր՝ պարի միջազգային օրվան նվիրված։ Խմբակավարը պարի մասնակից երեխաներին ասել է՝ ուշ գան դպրոց, որպեսզի չհոգնեն, չծանրաբեռնվեն։ Այդ օրը երեխան դպրոց եկել է ժամը 12-ին, մասնակցել է փորձին։ Միջոցառումը սկսեց ժամը 14։15-14։20-ն ընկած հատվածում, առաջին պարը պարեց շատ նորմալ, հետո հանդես եկավ փոքրերի խումբը։ 200 հոգանոց դահլիճում ներկա էին ծնողներ, ուսուցիչներ, աշակերտներ։ Հաջորդ ելույթի ընթացքում հանգիստ ընկավ, նույնիսկ մարդիկ կային, որ մտածեցին՝ պարն է այդպես։ Հետո ծնողներն ու ուսուցիչները բեմ բարձրացան, արագ օգնություն ցուցաբերեցին, ուշքի եկավ, տարան մաքուր օդի։ Դրսում երբ էլի վատացավ, արագ շտապ օգնություն են կանչել։ Այդ ամենը տևել է 8-9 րոպե մինչև հիվանդանոց հասնելը։ Միանգամից հասցրել են «Աստղիկ» ԲԿ, մեզ շատ մոտ է, երկու րոպե է տևել։ Մեկ ու կես ժամ «Աստղիկ»-ի բժիշկներն ամեն ինչ արեցին, չկարողացան փրկել... Գրանցվել էր սրտի կանգ, մահվան պատճառն արդեն ցույց կտա դատաբժշկական փորձաքննությունը»,-պատմեց դպրոցի տնօրենը։
Դպրոցում աշակերտները, ուսուցիչները, ծնողներն ուշքի չեն գալիս կատարվածից։ Տնօրենը խոսել է ուսուցչական կազմի, աշակերտների հետ, չեղարկվել են բեմում նախատեսված բոլոր միջոցառումները, կսահմանափակվեն դասարաններում «Վերջին դաս» միջոցառման անցկացմամբ՝ առանց երաժշտության։
«Մենք բոլորս մեծ շոկ ենք ապրել, բեմ բարձրանալ չենք կարող»,-ասում է Սիրամարգ Խոցանյանը։
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց՝ աշակերտուհու հանկարծամահության դեպքով իրականացվում է նախաքննություն, նշանակված է դիակի փորձաքննություն։
«Առկա է տեսագրություն, այն ուսումնասիրվում է։ Հանգամանքները, պատճառները կպարզվեն քննության արդյունքում»,-ասաց նա։
Քրեական վարույթ է հարուցվել քրեական օրենսգրքի 155 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն։ Նշենք, որ հանկարծամահության դեպքում հենց այս հոդվածով է քրեական վարույթ նախաձեռնվում։