Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս քաղաքի տներից մեկի մոտ իրեն վրաերթի են ենթարկել:
Ոստիկանությունից հայտնում են, որ Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մասիս քաղաքի 2-րդ փողոցի բնակիչ 48-ամյա տղամարդը և 28-ամյա որդին, մեքենան արագ վարելու համար, դիտողություն են արել համաքաղաքացի 17-ամյա պատանուն: Վերջինս, դիտողությունից վիրավորված, հոր և ընկերների հետ վերադարձել է 2-րդ փողոց: Հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, հայհոյանքներ հնչեցնելով՝ նրանք մահակով հարվածներ են հասցրել հայր և որդի համաքաղաքացիներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ խուլիգանության և մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Մայիսի 1-ին 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժին: Կատարվում է նախաքննություն: