«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է.
««Փաստ» օրաթերթը գրում է.
Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի ագրեսիվ բնույթ են ստանում փաշինյանական քարոզչամեքենայի հարձակումներն ինչպես Հայ առաքելական եկեղեցու, այնպես էլ՝ կոնկրետ բարձրաստիճան հոգևորականների դեմ: Առանց չափազանցության՝ «կեռ մահիկի արշավանք» են սկսել մեր Եկեղեցու դեմ: Տարբեր տրամաչափի զանազան քպականների՝ կարկառուն կամ չկարկառունների մաղձանետումների, ակնհայտ կեղծ, ստապատիր հարձակումների թիրախում, ինչպես դժվար չէ նկատել, առաջին հերթին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն է: Միայն վերջին երկու-երեք օրվա ընթացքում իշխանության ներկայացուցիչները, իշխանական այլևայլ քարոզիչները Բագրատ սրբազանի հասցեին այնքան կեղտակուր ստեր տարածեցին, որ էլ ասելու չէ:
Տեղեկատվական հակամարտությունների մեջ կա այսպիսի մի մեթոդ, որը պայմանականորեն կոչվում է «նեխած ծովատառեխի մեթոդ»: Լրագրության դասընթաց անցած մասնագետները գիտեն դրա մասին: Եթե հակիրճ, ապա «նեխած ծովատառեխի» («սել յոդկա») մեթոդի մեխանիզմը հետևյալն է. ընտրվում է հակաքարոզչության թիրախ (անձ, անձանց խումբ, կազմակերպություն), որի մասին հորինվում է ի սկզբանե կեղծ մեղադրանք: «Մեթոդաբանության» առումով ամենից կարևորն այն է, որ հորինված մեղադրանքը լինի առավելագույնս կեղտոտ, աղմկահարույց, թիրախին հնարավորինս վարկաբեկող: «Նեխած ծովատառեխի» մեթոդի կիրառման նպատակն ամենևին էլ տարածած, տարածվող ի սկզբանե կեղծ կամ մտացածին «մեղադրանքն» ապացուցելը չէ: Իրական կամ բուն նպատակը դրա շուրջ հանրային մեծ արձագանք հարուցելն է, այդ կեղծ մեղադրանքի շուրջ քննարկում ծավալելը: Հիմնական հաշվարկն այն է, որ այդ բուռն քննարկումների բոլոր մասնակիցները հակաքարոզչության թիրախի անունը գործածեն կեղծ, շինծու մեղադրանքի հետ զուգորդված:
Ըստ էության, շրջանառության մեջ դրված վարկաբեկիչ, կեղծ ու հորինված մեղադրանքը «կպնում» է հակաքարոզչության թիրախի անվանն, ու այդ «նեխած ծովատառեխի» հոտը սկսում է նրան ուղեկցել ամենուր, իսկ այսպես կոչված մեղադրանքի «բովանդակությունը» արդեն ոչ մեկին չի հետաքրքրում: Ծանոթ պատկեր է, այնպես չէ՞: Ձեզանից շատերը, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով տեսնում ենք այդ հակաքարոզչական մեթոդը «գործողության մեջ», մասնավորապես՝ փաշինյանական քարոզիչների կողմից Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների, կոնկրետ՝ Բագրատ Սրբազանի հասցեին արվող արտահայտությունների, մեղադրանքների, շինծու «վարկաբեկիչ նյութերի» ու դրանց տարածման տեսքով: Արտաքուստ Նիկոլ Փաշինյանն ու նրա քարոզիչները հստակ հաշվարկ են արել ու, ըստ այդ հաշվարկի, գործում են, փաստացի՝ տեղեկատվական պատերազմ են ծավալել հայ ժողովրդի դեմ: Նրանք ակտիվորեն օգտագործում են նաև «նեխած ծովատառեխի» մեթոդը, որը մինչ այս ու տարբեր առիթներով բավականին արդյունավետ կիրառել էին, ի դեպ: Բա՛յց...»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։