Թուրքիայի և Ադրբեջանի կողմից երկրի տնտեսությունը ներսից պայթեցնելու պարտադրած քայլ է. Նաիրի Սարգսյան
Կառավարությունը վերջին նիստում տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում շրջանառության հարկը կրկնակի բարձրացնելու մասին որոշում ընդունեց։ Դրա փոխարեն հարկային բեռի թեթևացում իմիտացնելով՝ առաջարկվեց չնչին՝ 0.5 %-ով նվազեցնել որոշ գործունեությունների մասով շրջանառության հարկը, եթե տնտեսվարողները ձեռքբերումների փաստաթղթավորման բարձր մակարդակ ապահովեն։ Այդ դեպքում օրինակ՝ առևտրական գործունեության ժամանակ 1.5 %-ի փոխարեն կսահմանվի 1 %, արտադրության դեպքում՝ 3.5 %-ի փոխարեն 3 %, հանրային սննդի դեպքում՝ 4 %-ի փոխարեն 3.5 %, այլ գործունեության տեսակների դեպքում 5 %-ի փոխարեն՝ 4.5 %:
Փորձագիտական հանրության գնահատականներով՝ կառավարությունը նման հարկային բարձրացումներով ամեն կերպ փորձում է բյուջեն լցնել։ Խնդրի շուրջ Panorama.am-ը զրուցեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ։
«Սա ընդամենը միջանկյալ լուծում է։ Կառավարության նիստում արդեն հայտարարվեց, որ ցանկանում են շրջանառության հարկից ընդհանրապես հրաժարվել։ Այս նախաձեռնությունն արդեն մի քանի տարի է շրջանառվում է և մենք՝ փորձագիտական հանրույթը մի քանի տարի պայքարել ենք, փորձել ենք զսպենք և այսքան երկարաձգել։
Բայց քանի որ բյուջեի այսպիսի աննորմալ պլան են դրել, ապա դրա կատարման համար ցանկացած հնարավոր և անհնար վայրերից պետք է բառիս բուն իմաստով հարկերի քերում իրականացնեն, ոչ թե հավաքագրում։ Իսկ դրա համար անհրաժեշտ է լինելու բոլոր տեղերում հարկադրույքները բարձրացնել։
Բյուջեի քննարկումների ժամանակ դրա մասին սկսել էինք բարձրաձայնել դեռ այն ժամանակ։
Շրջանառության հարկը կրկնակի բարձրացնելը միջանկյալ լուծում է։ Եթե 2025 թվականից հետո իրենք մնան իշխանության՝ կգնան շրջանառության հարկից հրաժարվելուն։
Ինչն է այստեղ միջանկյալ լուծման պահանջարկ առաջացնում։ Եթե 5 % հարկ վճարողի վրա դրվի միանգամից 35 % հարկային բեռ, ապա դժվար չէ պատկերացնելը, թե ընդդիմանալու և ըմբոստանալու ինչ ալիք կբարձրանա։ Նման դեպքերում սովորաբար իշխանությունները պատրաստ չեն լինում բողոքի նման ալիքները զսպելուն։ Դրա համար շատ ավելի հեշտ է մարդուն հոգեբանորեն նախապատրաստել, որ 5 %-ի փոխարեն այսուհետ կվճարի 15 % կամ 10 %, այնուհետև՝ մեկ տարի հետո մարդն արդեն ադապտացվում է ևս 5 % հարկադրույքի բարձրացմանը։ Միանգամից ընդհանուր բարձրացմանն ինքը շատ բացասական է արձագանքելու, բայց փոքր-փոքր բարձրացումներին ինքը չի արձագանքում։
Երկրորդ՝ այս փոփոխությունն ևս ուղղված է Հայաստանի տնտեսության խարխլմանը։ Ցանկացած պետական մտածողություն ունեցող, պետության հարատևումը գիտակցող ցանկացած մտածող՝ լինի չինովնիկ, փորձագետ, թե ուղղակի հայրենասեր, երկիրը սիրող մարդ, գիտակցում է, որ առևտրի ոլորտին արտոնություններ տալով չես կարող երկրի տնտեսությունը զարգացնել։
Պետք է արտադրության ոլորտում տրվեն արտոնություներ և հարկադրույթների նվազեցումները խթաններ են հանդիսանում, որպեսզի տնտեսությունը զարգանա և որոշակի ժամանակահատվածում դառնա ինքնաբավ և անկախություն ձեռք բերի։ Մեր պարագայում հակառակն է տեղի ունենում։ Գործող հարկային օրենսդրությամբ Երևան քաղաքից դուրս գտնվող առևտրի օբյեկտնբերը մինչև 24 մլն դրամն ընդհանրապես ազատված են հարկերից, բայց մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող արտադրողները, կլինի չրի, կիսաֆաբրիկատների, թե գյուղմթերքի արտադրությունը, բոլորը հարկվում են ավելացված արժեքի հարկով։
Շրջանառության հարկի մեջ արտադրությանը հարկադրույքներով խթան չտալն ուղղակի խոսում է նրա մասին, որ, միգուցե, իրենց մտածելակերպն էլ կա։ Բայց այս ընդհանուր քաղաքական ֆոնին վերլուծելով՝ հասկանում ենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից էլի պարտադրված քայլ է՝ երկրի տնտեսությունը ներսից պայթեցնելու՝ հետագայում հենց իրենցից ավելի կախյալ դարձնելու նպատակով»,- ասաց Նաիրի Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա