Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Հայաստանի դեմ ագրեսիայի մասով, 44-օրյա պատերազմի հետ կապված, երկու վարույթ ունենք, ՔԿ-ն ևս մեկ վարույթ է նախաձեռնել բռնի տեղահաման հետ կապված միջազգային բնույթի հանցագործությունների հիմքով»,- Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցերին։
Նա նաև հայտարարեց, որ 44-օրյա պատերազմն ամենալուրջ դասն էր իր համար. «Այդ դասից մենք 3 կարևոր հետևություն ենք քաղել։ Առաջին հերթին, զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային ու պրոֆեսիոնալ գործընթացներ ենք այս պահն իրականացնում։ Մեր նպատակն է կանխել, որ բանակում միջանձնային հարաբերությունների պատճառով հանցավոր հետագիծ ձևավորվի։
Բացի այդ, պաշտպանության նախարարին յուրաքանչյուր կոռուպցիոն դեպքով գրում եմ ու 44-օրյա պատերազմի յուրաքանչյուր քրեական գործ հետևողականորեն ուղարկվում է դատարան»։
Աննա Վարդապետյանը նաև ասաց. «Յուրաքանչյուր կոռուպցիոն դրսևորում դա զրկում է բանակին հնարավորությունից ունենալու էլ ավելի մարտունակ զենք, էլ ավելի լավ պատրաստվածություն, էլ ավելի բարձր նյութական ապահովություն։
Ինձ՝ որպես գլխավոր դատախազ, շատ տհաճ է, երբ ես, օրինակ, պատերազմական գործողությունների ընթացքում կարդում եմ, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում։ Դա ես համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը»։