RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է տարեկան զեկույց։
Կազմակերպությունն ահազանգում է՝ մամուլի ազատության հետ կապված իրավիճակը շարունակաբար վատանում է, լրագրողների վրա հարձակումներն ավելանում են, ավելանում է նաև այն երկրների թիվը, որտեղ լրագրողների աշխատանքային պայմանները համարվում են «ծայրահեղ»։ Ըստ զեկույցի, աշխարհում կա 36 երկիր, որտեղ անհնար է անկախ լրագրությունը։
Սա ռեկորդային թիվ է վերջին տասնամյակի ընթացքում։ ԶԼՄ-ների համար ամենաբարենպաստ պայմաններն են ստեղծված Նորվեգիայում, դրան հաջորդում են Սկանդինավյան մյուս երկրները, ապա Նիդերլանդները։ Ցանկը եզրափակում են Սիրիան, Աֆղանստանը, որտեղ վերջին մեկ տարում սպանվել է երեք լրագրող, առնվազն 25 լրագրողներ հայտնվել են բանտում։ Նախկին ԽՍՀՄ երկրներում նույն բացասական դինամիկան է։
Նշվում է, որ Ռուսաստանը իր դիրքերը բարելավել է երկու հորիզոնականով, սակայն դա բարեփոխումների արդյունքում չէ։ 8 ԶԼՄ Ռուսաստանում հայտարարվել է անցանկալի, 70 ԶԼՄ և 300 լրագրող օտարարեկրյա գործակալ, բազմաթիվ լրագրողներ լքել են երկրի տարածքը։
Վրաստանի դիրքերը նվազել են 26 հորիզոնականով։ Զեկույցի հեղինակները հետընթացը պայմանավորում են օտարերկրյա գործակալների մասին օրենqի ընդունմամբ, ինչպես նաև ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողությունը մեծացնելու վերաբերյալ իշխանությունների հայտարարություններով։
Հայաստանը վարկանշային աղյուսակում բարելավվել է դիրքերը՝ 49-րդ հորիզոնականից հայտնվելով 43-ում։ Կազմակերպությունը նշում է, որ չնայած բազմակարծության միջավայրին, լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Հայաստանը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես՝ կապված ղարաբաղյան հակամարտության և Ադրբեջանի հետ պատերազմի շարունակվող սպառնալիքի հետ։
«Լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է այն մարդկանց կողմից, որոնք մոտ են կանգնած քաղաքական շարժումներին կամ ազդեցիկ հասարակական գործիչներին: Քիչ լրատվամիջոցներ են ընդունել վճարովի բաժանորդագրության մոդելը, իսկ գովազդի շուկան մնում է թերզարգացած՝ սահմանափակելով մասնավոր լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը: Պետական լրատվամիջոցները զերծ են մնում կառավարության հասցեին ցանկացած քննադատությունից։
Քաղաքական էլիտաների մեդիաների դեմ հռետորաբանությունը, որով մեղադրում են լրագրողներին «կոռումպացված» լինելու և իրենց ընդդիմախոսներին ծառայելու մեջ, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը դժվարացնում է լրագրողների աշխատանքը: Նրանց մշտապես վիրավորվում են, ենթարկվում են հարձակումների, վիրավորական զրպարտությունների, ինչը մեծացնում է ինքնագրաքննությունը»,- ասված է զեկույցում։
Ադրբեջանը վատացրել է իր դիրքերը՝ 151-րդ հորիզոնականից հանգրվանելով 164-ում։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչնչացրել է բազմակարծության ցանկացած երևույթ, 2014 թվականից ի վեր նա անխնա պատերազմ է վարում բոլոր քննադատների դեմ։ Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են կառավարության մոտ կանգնած լրատվամիջոցները՝ քննադատողներին սպառնալու համար։ Լրագրողներին, ովքեր դիմադրում են ոտնձգություններին, բանտ են նետում անհեթեթ պատրվակներով։ Վերջին 20 տարիների ընթացքում Ադրբեջանում ոչ մի պաշտոնյա կամ ոստիկան չի պատժվել լրագրողին ծեծի ենթարկելու կամ վիրավորելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին