Եթե Սուքոյանի դեպքում կալանավորվում է, ապա Հակոբ Արշակյանի դեպքում ինչո՞ւ չի կալանավորվում.Աննա Գրիգորյանը՝ դատախազին
«Եթե Արթուրի նկատմամբ խափանման միջոցը կալանքն է ընտրվել, ապա բազմաթիվ այլ դեպքերում մենք կալանք այդպես էլ չտեսանք»,-խորհրդարանում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հիշեցնելով նախորդ օրը պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի կալանավորման դեպքը։
Գրիգորյանը բերեց Հակոբ Արշակյանի օրինակը, որը բռնույթուն էր կիրառել մեկ այլ լրագրողի նկատմամբ և որևէ իրավական հետևանք այդ բռնությունը չի ունեցել։ Ընդդիմադիր պատգամավորը Գլխավոր դատախազին հիշեցրեց նաև լրագրողներ Անի Գևորգյանի, Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունների դեպքերը։
«Շատ պարզ հարց եմ տալիս, եթե մի դեպքում կալանավորվում է, ապա մյուս դեպքում ինչո՞ւ չի կալանավորվում»,-հարցրեց Աննա Գրիգորյանը։
Գլխավոր դատախազը հայտնեց, որ քննչական մարմինը ներկայացրել է կալանքի հիմնավորումները։
«Ըստ էության բոլորը տեսել են տեսանյութը, նախաքննությունը նման տվյալներ չի տիրապետում, որ միջանձնային հարաբերություններով է պայմանավորված, այլ կոնկրետ լրագրային որոշակի գործընթացներով է պայմանավորված»,-պատասխանեց գլխավոր դատախազը։
Վարդապետյանը նշեց, որ Հակոբ Արշակյանի դեպքի ժամանակ ինքն իրավապահ համակարգում չի եղել, բայց տեղյակ է, որ լրագրողի կողմից սադրիչ գործողույթուններ են եղել։
«Էն ինչը, որ դուրս էր մնացել կադրից, թե ինչու էր պարոն Արշակյանը նման կերպ արձագանքել։ Այդ իրավիճակում արդեն լրագրողական գործունեություն չէ։ Նախորդ դեպքը, երբ անձը կալանավորված է, կապված է լրագրական գործունեության հետ և կոնկրետ անձը պիտակավորում է իրականացրել անձին՝ «սրբապիղծ» անվանելով։ Արշակյանի դեպքում միջանձնային, ոչ թուլատրելի բառակապակցության, պարոն Արշակյանից ներողություն եմ խնդրում, հայհոյանքին ի պատասխան վարքագիծ է եղել և միջանձնային հարաբերություններ»,-հայտարարեց Աննա Վարդապետյանը։
Աննա Գրիգորյանն արձագանքեց. «Չափազանց զարմացած եմ ձեր այն հիմնավորումից, ըստ որի՝ լրագրողն ինչ-որ բան է արել, որի դիմաց Հակոբ Արշակյանը բռնություն է կիրառել, այսինքը՝ դուք արդարացնում եք բռնությունը։ Արշակյանի բռնությունը չի կարող արդարացված լինել, ինչպես այլ բռնությունները»։
Աննա Վարդապետյանն էլ ասաց, որ Արշակյանի դեպքերում լրագրողի նկատմամբ բռնություն չի որակվել, որովհետև լրագրողական գործունեության հետ կապված չի եղել, այլ ՝անձնական բնույթի հայհոյանքի։