«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Հրապարակ»-ը գրում է.
«Երեկ ոստիկանությունը ծեծուջարդով բացել է Կիրանցի միջպետական ճանապարհը՝ տասնյակ ցուցարարների բերման ենթարկել, ապա ոստիկանները պատ են կազմել՝ փակելով գյուղի մուտքը և թույլ տալով, որ միայն կիրանցիները մտնեն։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանին խնդրեցինք մեկնաբանել կատարվածը։ Նա կարծում է, որ ոստիկանների գործողություններն ապօրինի են․
«Ազատ տեղաշարժն այս ձևով չեն կարող սահմանափակել, դա ոստիկանության խնդիրներից չի բխում։ Օրինակ՝ եթե մի տեղ հրդեհ լինի, չթողնեն մոտենալ, դա ուրիշ բան է, բայց այդ նույն ոստիկանությունը, որը փողոց փակած խաղաղ ցուցարարներին պահանջ է ներկայացնում՝ բացել ճանապարհը, պատճառաբանելով, որ նրանք չեն կարող խոչընդոտել այլոց ազատ տեղաշարժի իրավունքը, հիմա իրենք են ազատ տեղաշարժի իրավունքը խոչընդոտում՝ առանց որևէ պատճառաբանության»։
Նախկին փոխոստիկանապետ, ներկայում փաստաբան Հովհաննես Քոչարյանին հարցրինք, թե երբ և ինչ նպատակով կարող է ոստիկանությունը մի ողջ բնակավայր փակել։
«Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, հատուկ միջոցառումներ իրականացնելիս իրավունք վերապահված է ոստիկանությանը՝ ինչ-որ տարածքային ստորաբաժանման ղեկավարի կամ փոխարինող անձի որոշմամբ, տարածքների շրջափակում իրականացնել, և նույնիսկ անհրաժեշտության դեպքում կարող են կատարել նաև տրանսպորտային միջոցների զննություններ՝ այդ գործողության ժամանակ։ Նպատակը հասարակական կարգի պահպանումը կարող է լինել, կազմակերպիչների աշխատանքները խափանող գործողությունների կանխումը, հատուկ թվարկում չկա։ Հասարակական կարգի պահպանությունն ինքն արդեն նպատակ է, և ոստիկանությունը կարող է ժամանակավորապես նաև մարդկանց տեղաշարժը սահմանափակել, մինչև դրա անհրաժեշտությունը վերանա։ Այսինքն՝ երբ ասում ենք լեգիտիմ նպատակ, պետք է հասկանանք հասարակության անվտանգությունը, իսկ տվյալ պարագայում վստահ եմ, որ հիմնավորումները դրանք են․ հասարակական անվտանգությունն ու երևի թե սահմանազատման աշխատանքները խոչընդոտող գործողությունները բացառելը»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։