Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ «կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին», կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյան
«Քրեական օրենսգրքում նախատեսված է հանցակազմի հատկանիշներ պարունակող հանցագործության մի տեսակ, որը կոչվում է հետևյալ կերպ՝ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը կամ վիրավորանքը։ Սա առանձին հանցակազմ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով հարցին, թե տևական ժամանակ է, ինչ Երևանի բոլոր վարչական համայնքներում փակցվել են իր լուսանկարները՝ գրությամբ, թե փնտրվում է ՄԻՊ-ը։
Ըստ նրա, ոչ միայն սա, այլև այս ամենի կազմակերպվածությունը, համակարգվածությունը և շարունակականությունը, որ այս մեկ տարվա ընթացքում է դրսևորվել, այս ամենը առերևույթ հանցակազմի տարրեր պարունակող հատկանիշ է, որի վերաբերյալ, բնականաբար, որևէ հաղորդում որևէ իրավապահ մարմնի չի ներկայացրել, և մի տեսակ տարօրինակ է համարում, որ անձինք իրենք են սկսում այդ խնդրի վերաբերյալ խոսել։
Ա.Մանասյանն ասաց, որ լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ «քաղաքացիներ կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին» կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ։
Հարցին, թե չի՞ կարծում, որ եթե ՔՊ-ն իրեն գովեստի խոսքեր է ասում, ուրեմն ինքը վատ ՄԻՊ է, որովհետև ինքը պետք է հասարակությանն իշխանությունից պաշտպանի ու դա չի արել, դրա համար էլ այսօր մարդիկ իր լուսանկարներն են փակցնում ու իրեն փնտրում, Ա. Մանասյանը պատասխանեց. «Քանի որ հնչեցվող ցանկացած հարց իր մեջ իրավունքի արժեքներին հակասող որոշակի գաղափարներ է պարունակում, նման հարցերի չի պատասխանի»։