Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է հանգիստ ու խաղաղ ապրել իր հողում»,-«Ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիներն այսօր, ո՞ր դեպքում կվերադառնան Արցախ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Արբահամյանը։
Սրբազանը նշեց. «Չարը չի կամենում, որ լույսը մշտապես լուսավորի, խավարը միշտ դեմ է լույսին, իսկ մեր ինքնությունը հիմնված է լույսի վրա։ Արցախցին աչք չի ունեցել օտարի ունեցվածքի վրա, արցախցին մշտապես արարել է հանուն արդարության, խաղաղության և իր ինքնության»։
Տեր Վրթանես եպիսկոպոս Արբահամյանի խոսքով, այն ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, անբացատրելի է հասուն, գիտակից ու հավատացող մարդու տեսանկյունից․ «Մենք չէինք սպասում այդպիսի ելք, սա սարսափելի ելք էր՝ բռնի տեղահանում, ծառն արմատախիլ են աներ։ Հասկանում են՝ եթե ծառը արմատախիլ ես անում, գլխավոր արմատը մնում է հողում, խորն է գնում, մեզ մնում է Քրիտոսով հաղթանակած վերադառնանք մեր արմատին, որը մնացել է մեր հայրենի հողում»։
Սրբազանի խոսքով, կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության կողքին, մարդու հիմնարար իրավունքների կողքին և առավել ևս կանգնել աստվածապարգև օրենքների կողքին։
«Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով հաղթական վերադարձ Արցախ։ Դա բոլորիս նվիրական ցանկությունն ու երազանքն է։ Եվ որքան շուտ, այնքան լավ։ Կան լուծվող ու չլուծվող հարցեր, բայց որպեսզի անհնարինը հնարավոր դարձնենք, պետք է սկսենք լուծվող հարցերից, որպեսզի դժվարագույնը դարձնենք նպատակն և առաքելություն»,- ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Արբահամյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա