Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հանդիպմանը պարոն Մանուկյանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ է փոխանցել միության ստեղծման պատմության և ներկա գործունեության մասին։
Այնուհետև Նորին Սրբությունը, ողջունելով և իր օրհնությունը բերելով միության անդամ երիտասարդներին, իր գնահատանքն է հայտնել նրանց հայրենանվեր իրագործումների համար։ Հայոց Հայրապետը նկատել է, որ յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը, որպեսզի հնարավոր լինի կերտել անվտանգ, բարօր և առաջընթաց հայրենիք։
Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։ Այս առնչությամբ Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին, ակտիվորեն ներգրավվել հոգևոր-եկեղեցական կյանքին, ամուր պահել սերն ու նախանձախնդրությունը հայրենիքի նկատմամբ, առաջնորդվել նախնյաց լուսավոր օրինակով և չտկարանալ մեր երկի առջև ծառացած դժվարությունների հանդիման։
Հանդիպման վերջում Հայոց Հայրապետը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու հոգեխնամ և ազգապահպան առաքելությանը, հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղիներին։