Կոսներվատորիայի ուսանող Ռազմիկ Հարությունյանը միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին կարգի մրցանակին
Երևանի Կոմիտասի անվան պետական կոսներվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի դասախոս Արտյոմ Հակոբյանի մասնագիտական դասարանի 2-րդ կուրսի ուսանող Ռազմիկ Հարությունյանը արժանացել է «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային XV մրցույթ-փառատոնի «Ժողովրդական, աշուղական, հայրենասիրական երգ» անվանակարգի Առաջին կարգի մրցանակին։ Այս մասին հայտնում են Կոնսերվատորիայից։
Ռազմիկ Հարությունյանի համար հարազատ է հայ աշուղների ու կոմպոզիտորների ժառանգության միջոցով արտահայտվելը։ Հատկապես առանձնացնում է Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի, ինչպես նաև՝ Խաչատուր Ավետիսյանի, Ալեքսեյ Հեքիմյանի ստեղծագործությունները։
Թառահար, քամանչահար ու երգիչ պապից ստացել է երաժշտական ունակությունները, իսկ երաժշտական դպրոց ու կյանքի մեծ իրադարձություններին հասել է հոգատար մոր ուշադրության շնորհիվ։
Հանրապետական, միջազգային մրցույթների դափնիներն անպակաս են նրա կյանքում։ Կարևորում է «Վերածնունդ» միջազգային փառատոնի Ոսկե մեդալը, այն երգարվեստում իր առաջ բացեց նոր դռներ։
Այսօր հաջողություններն ունենում է հարազատ ուսուցչի՝ Արտյոմ Հակոբյանի մանկավարժական ներկայությամբ։
Ուսման ընթացքում բացահայտում են դարձել Ալեքսեյ Հեքիմյանի «Կռունկ, բարով դառնաս» և Արթուր Գրիգորյանի «Կյանք ու կռիվ» երգերը։ Վերջինս կատարեց նաև «Art Music» մրցույթ-փառատոնին, որտեղ երկրորդ երգած գործը Արաբո Իսպիրյանի «Տուն իմ հայրենի»-ն էր։
Ռազմիկ Հարությունյանի կյանքում երգն ու երաժշտությունը մշտական ուղեկից են, այդպես է նա արտահայտում իր հույզերը, զգացողությունները։ Վաղուց է երազել Կոմիտասյան կոնսերվատորիայի երաժշտական մեծ ընտանիքի մաս դառնալ։ Կյանքի երազանքի այդ հատվածն արդեն իրականացել է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան