AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
Այսօր` մայիսի 6-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և նույն փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի կալանավորման դեմ բերված բողոքները մերժելու որոշումը դատապարտող հայտարարություն է փոխանցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յապ Ֆրեդերիքսին, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինյին, Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։
Հայտարարության մեջ նշվում է, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդեն 46 օր է անազատության մեջ են «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Տավուշի գյուղերը հանձնելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին սուր բառապաշարով քննադատության ենթարկելու համար:
Նշվում է, որ հանրային գործունեությամբ զբաղվող Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են միջազգային կառույցների ջանքերով և ճնշման ներքո ապաքրեականացված և այժմ գոյություն չունեցող տխրահռչակ «ծանր վիրավորանքի» հոդվածի հիման վրա, որն իշխանությունները «վերակենդանացրել են» խուլիգանության հանցակացմի ներքո։
AntiFake.am-ի խմբագրությունն ակնկալում է, որ Հայաստանում ժողովրդավարության զարգացման, ազատ խոսքի ամրապնդման և ազատ մամուլի բարափոխումների օրակարգ ունեցող դեսպանությունները գնահատական կտան ազատ խոսքի, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ փաշինյանական վարչախմբի կողմից իրականացվող քաղաքական տեռորին և ճնշում կգործադրեն գործող իշխանության վրա` անհապաղ ազատ արձակելու ապօրինի անազատության մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին: