Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ. Միրզոյան
«Ուզում եմ վերահսաստատել Հայաստանի հավատարմությունը՝ Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղության հաստատմամբ»,- Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արարատ Միրզոյանը:
Նա նշեց, որ կառուցողաբար ներգրավված են բանակցություններում, որոնց նպատակն է վերջնականապես կարգավորել հարաբերությունները հարևանների հետ, մասնավորապես Ադրբեջանի հետ վերջ տալ երկարամյա հակամարությանը։
«Անկեղծորեն և բարի կամքով ենք ներգրավված բանակցություններում և վստահ ենք, որ վերջնական խաղաղության հաստատումը բխում է Հայաստանի, Ադրբեջանի շահերից: Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով: Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հոդվածների ու հարցերի շուրջ»,- նշեց նա:
Արարատ Միրզոյանի խոսքով, տեղի են ունենում զուգահեռ գործընթացներ, սահմանային հանձնաժողովներն են հանդիպում և արդեն սկսել են սահմանազատման գործընթացը:
«Երկու երկրները փոխադարձաբար հաստատում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա և սահմանազատումը նույնպես պետք է տեղի ունենա այդ հռչակագրին համապատասխան։
Զգուշավոր լավատեսությամբ ուզում եմ հայտնել, որ մեզ՝ իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ ևս կհաջողվի համաձայնության հասնել կամ այս նույն բանն արտացոլել խաղաղության պայմանագրում: Դրանից հետո շատ մոտ կլինենք վերջնական կարգավորմանը»,-ասաց Ա.Միրզոյանը։
Ըստ նրա, կան մի շարք այլ հարցեր. «Տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում մենք դեռ լիարժեք փոխըմբռնում չունենք, բայց ունենք Հայաստանի շահագրգռվածությունը` բացել բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքներն Ադրբեջանի հետ:
Այս հարցերի շուրջ, կարծում եմ, ուշ թե շուտ կհաջողվի գալ համաձայնության, որովհետև արդեն երկրների ղեկավարների ու փոխվարչապետների դեպքում որոշակի ըմբռնում կա։ Եթե մեզ հաջողվի այս ամենը հստակ արձանագրել խաղաղության պայմանագրում, կարող ենք ասել, որ մենք տեղ ենք հասնում երկարատև խաղաղության հաստատման առումով»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա