Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է դառնալ վերջին տարիների ամենակարևորներից մեկը. Վերլուծաբան
«Մայիսի 8-ին Մոսկվայում նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է լինել վերջին տարիների ամենակարևոր հանդիպումներից մեկը, եթե խոսքը վերաբերում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին ու Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։
Հիշեցնենք, երեկ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսօր տեղի ունենալիք երդմնակալության արարողությանը։ Ավելի ուշ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրեց, որ մայիսի 8-ին՝ երդմնակալության հաջորդ օրը Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում։
Ի՞նչ ուղերձ է պարունակում Պուտինի երդմնակալության արարողությանը Փաշինյանի չմասնակցելը, ի՞նչ արձագանքներ կլինեն դրան, ի՞նչ ակնկալել վաղը կայանալիք երկկողմ հանդիպումից։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց Սերգեյ Մելքոնյանի հետ։
Սերգեյ Մելքոնյան-Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը Փաշինյանի չմասնակցելու մեսիջները, ընկալումներն ու մեկնաբանությունները կարող են լինել շատ տարբեր՝ սկսած նրանից, որ դա մեզ համար առաջնահերթություն չէ, մենք ունենք լուրջ օրակարգ և ներքին, և արտաքին, մայիսի 9-ի միջոցառումներին մասնակցելու ժամանակ չունենք։
Կարող է՝ ուրիշները մանիպուլացնեն՝ ասելով, որ Հայաստանը չի ճանաչում ՌԴ նախագահի ընտրությունները, ինչպես օրինակ հայտարարել է ԵՄ-ն ու մի շարք երկրներ՝ ընտրությունները չհամարելով լեգիտիմ։
Իսկ իրականում, ինչպես ասել եմ, Հայաստանը ցույց է տալիս, որ սա իր համար արտաքին քաղաքականության առաջնահերթություն չի։ Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը գնում է Էրդողանի երդմնակալությանը, այն պարագայում, երբ Էրդողանը բաց հայտարարում է իր նպատակների մասին, թիրախավորում սփյուռքը, եկեղեցին, նշում, որ Հայաստանի ազգայնական օրակարգն իրենց համար թշնամական է։ Այս պարագայում Փաշինյանը ցույց տվեց, որ սա Հայաստանի արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն չէ։
Panorama.am-Ի՞նչ հնարավոր արձագանքների կարող ենք ականատես և ականջալուր լինել։
Սերգեյ Մելքոնյան-Բոլորը կստանան ուղերձներ, բայց ռեակցիան կարող է լինել տարբեր՝ բացասական, չեզոք և դրական։ Ռուսաստանն ունի ոչ բարեկամ երկրների ցանկ, այնտեղ ընդգրկված են պետություններ, որոնք Ռուսաստանի դեմ ինչ-որ քաղաքականություն են վարում։ Հայաստանը դեռ այդ ցուցակում չկա։
Panorama.am-Ի՞նչ ակնկալել մայիսի 8-ին նախատեսված երկկողմ հանդիպումից։
Սերգեյ Մելքոնյան-Եթե անկեղծ, շատ դժվար հարց եք տալիս։ Այս հանդիպման արդյունքում Ռուսաստանը պետք է որոշի ինչ դիրքորոշում որդեգրել Հայաստանի նկատմամբ, իսկ Հայաստանը՝ ավելի ճիշտ այսօրվա իշխանությունը պետք է ներկայացնի իր մոտեցումները մի շարք սկզբունքային հարցերի վերաբերյալ։ Դրանից հետո նաև Ռուսաստանի համար շատ բաներ պարզ կլինեն։
Այսօր, այո, մենք լսում ենք Ռուսաստանից հնչող բացասական հայտարարություններ, սակայն դրանք քաղաքական որոշման հետ դեռ որևէ կապ չունեն։ Մատվիենկոն կարող է ինչ-որ բան հայտարարել, Ժուռավլյովը որևէ բան ասել, բայց դրանք պետական քաղաքականության հետ որևէ կապ չունեն։ Հետևաբար մոտեցումը պարզ կլինի այս հանդիպումից հետո՝ կախված նրանից, թե Նիկոլ Փաշինյանն ինչ առաջնահերթություններ կդնի օրակարգ ու ինչի շուրջ կպայմանավորվեն։ Հիմա շատ դժվար է այդ մասին խոսել։ Այն կարող է լինել վերջին տարիների ամենակարևոր հանդիպումներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում
- Մելքոնյան. Փաշինյանը մասնակցում է Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը
- Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
- Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
- Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան