Ալմաթիում հանդիպումն առանց միջնորդների բանակցելու Ալիևի օրակարգի մաս է. Փորձագետ
Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանի գնահատմամբ, սա, ըստ էության, Ադրբեջանի ցանկություններին հերթական տուրքն է։
«Մասնավորապես հիշենք, որ նախաձեռնությունը Ղազախստանի նախագահինն է, ով այցելեց տարածաշրջան և առաջարկեց իր միջնորդական հարթակը։ Հետագայում հստակեցում արվեց, որ խոսքը ոչ թե Ղազախստանի կողմից միջնորդության, այլ ընդամենը հանդիպաման համար հարթակ, տեղ տրամադրելու մասին է, և հանդիպումը երկկողմ ձևաչափով է առանց երրորդ կողմից միջնորդության»,- ասում է փորձագետը։
Նա հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև այսպես կոչված սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Արևմուտքը սկսեց ակտիվացնել իր ջանքերը վերադարձնելու Հայաստանին և Ադրբեջանին իր միջնորդությամբ բանակցային գործընթաց և նույնիսկ ԱՄՆ պետքարտուղարը զանգեց Ալիևին, կոչ արեց Պրահայի հանդիպման արդյունքների վրա հանվելով շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։
«Սակայն Ադրբեջանի նախագահը դրանից հետո էլ կրկին վերահաստատեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն, որովհետև ինչեպս ցույց է տալիս այսպես կոչված սահմանագծման ու սահմանազատման գործընթացը, շատ լավ կարողանում են ինքնուրույն պայմանավորվել առանց երրորդ կողմերի ներգրացման։ Իհարկե, հասկանալի է Բաքվի մոտիվացիան, քանի որ երկկողմ, առանց միջնորդների գործընթացը հնարավորությունը է տալիս Ադրբեջանին էլ ավելի մեծ ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչպես նաև ձերբազատում է Բաքվին հետագայում հնարավոր միջազգային երաշխավորների կողմից իր վրա գործադրվող ճնշումներից։ Ալմաթիում հանդիպումը հերթական անգամ ծառայելու է Բաքվի՝ հենց այդ օրակարգի սպասարկմանը, հետագայում էլ ավելի է բարդացնելու որևէ միջնորդությամբ գործընթացը շարունակելու հեռանկարը»,- ասում է Ա. Կարապետյանը։
Փորձագետը նշում է, որ այս ամենի համատեքստում ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ արդեն իսկ Ադրբեջանում որոշակի անհանգստություն է առաջացրել Հայաստանում ծավալված շարժումը, որը սկիզբ է առել Տավուշում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ։
«Մասնավորապես, ադրբեջնական մամուլն արդեն իսկ սկսել է աղաղակել, որ Հայաստանում հոգևորականությունը պատերազմ է հրահրում։ Ըստ էության, ստացվում է, որ Հայաստանի գործող իշխանությունը, նրանց հովանավորյալները, ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձում են հայ հանրությանը վախեցնել պատերազմով և նույն թեզերը առաջ մղելով՝ հետ պահել Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ որևէ քայլերից, իհարկե, շատ լավ հասկանալով, որ ցանկացած նոր իշխանություն այլևս հակված չի լինելու կատարել Բաքվի բոլոր պահանջները և առաջ մղել թուրք-ադրբեջանական օրակարգը կամ անուղղակի և անուղղակի նպաստել դրա կյանքի կոչմանը»,- ասում է Ա. Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին
- Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
- Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան