Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում. կալանավորվել է նրա համադասարանցին
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ Լոռու մարզի բնակավայրերից մեկի 17–ամյա անչափահաս բնակչին դանակահարելու, վերջինիս ոսկյա թևնոցը հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2024թ. մայիսի 3–ին Լոռու մարզի Լեռնահովիտ բնակավայրի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մայիսի 2-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, որդուն դանակահարել են՝ ներկայացնելով նաև տվյալներ առերևույթ հանցագործությունը կատարած անձի վերաբերյալ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների, օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2024թ․ մայիսի 2-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում¸ Լոռու մարզի Տաշիր համայնքի սկզբնամասում առկա տաղավարին հարակից տարածքում նույն բնակավայրի 18–ամյակը լրացած բնակիչը ձեռքին եղած ծալովի դանակով հանկարծակի հարվածել է իր համադասարանցին հանդիսացող 17–ամյա պատանու որովայնի աջ կողային հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Այնուհետև վերջինիս պառկեցնելով մեջքի վրա՝ պահանջել է իրեն հանձնել նրա ձեռքին եղած ոսկյա թևնոցը, ապա տուժողի կողմից ձեռքը մեկնելուց հետո հանել և հափշտակել է այն։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 18–ամյա երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել։
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն¸ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ¸ հարցաքննվել են մի շարք անձինք։ 18-ամյա երիտասարդը խոստովանել է կատարվածը և համապատասխան քննչական գործողության շրջանակներում Լեռնահովիտ բնակավայրի տներից մեկի բակից՝ քարերի տակից, հանել և ներկայացրել է հափշտակված ոսկյա թևնոցը։
Երիտասարդին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ ավազակություն կատարելը)։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 18-ամյա անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: