Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Իշխանությունները սկսել են հետապնդումները Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցների և նրանց աջակիցների նկատմամբ: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի թիրախում հոգևորականներն էին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և Վեհափառ Հայրապետը:
168.am-ի տեղեկություններով` օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) է կանչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
«Ըստ մեր աղբյուրների`իշխանությունների կողմից հետապնդումների պատճառը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ակտիվությունն է, նրա կոշտ դիրքորոշումներով, քննադատական ելույթները, հարցազրույցները, և հատկապես ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ջահերով երթի ժամանակ Ծիծեռնակաբերդում նրա ունեցած ելույթը։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին առաջին անգամը չէ, որ Արշակ սրբազանին կանչում են ԱԱԾ` փորձելով լռեցնել նրան: 2020թ. նոյեմբերին ևս նա հրավիրվել էր ԱԱԾ, ըստ մամուլի հրապարակումների` Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով` իշխանությունների դեմ ուղղված իր քննադատությունների պատճառով:
Փորձ էր արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել: Այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել էր Սրբազան հորն ԱԱԾ հրավիրելու տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
2020թ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ԱԱԾ հրավիրվելու պատճառը, ըստ ԶԼՄ-ների, նրա հետևյալ խոսքն էր. «Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»»,-գրում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին