Թումանյանական «Սասունցի Դավիթ»-ի նոր շունչը. տեղի ունեցավ պատկերապատման շնորհանդեսը
Նկարիչների միության դահլիճում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» պատկերապատման շնորհանդեսը։
«Սասունցի Դավիթ» պատկերապատումը հայ ժողովրդական էպոսի 3-րդ ճյուղի թումանյանական մշակումն է: Սա եզակի նախաձեռնություն է, որը հայ երեխային կծանոթացի իր ազգային ժառանգությանը, հայ մշակույթի ամենավառ հերոսներից մեկի միջոցով նրան կփոխանցի արժանապատվության, անարդարության դեմ ազնվորեն պայքարելու հերոսական կերպարի օրինակ:
«Սասունցի Դավիթ» պատկերապատումը հետաքրքիր լուծում է ժամանակակից երեխայի համար: Նախաձեռնողները Հովհաննես Թումանյանի Սասնա Դավիթին ժամանակակից մոտեցում են ցույց տվել՝ համատեղելով տեքստն ու պատկերը: Արդյունքում՝ էպոսի ժողովրդական այլ պատումներից ավելացել են որոշակի հատվածներ և ըստ անհրաժեշտության կատարվել են տեքստային որոշ տեղաշարժեր:
Թումանյանագետ, «Սասունցի Դավիթ» պատկերապատման տեքստի հետ աշխատած Անի Եղիազարյանը պատմում է, որ պատկերապատման հիմքում դրված է «Սասունցի Դավթի» թումանյանական մշակումը, այն, ինչ 1900-ականների սկզբին նախաձեռնեց Թումանյանը:
««Սասունցի Դավիթ» ճյուղը Թումանյանը հատուկ մշակեց, որովհետև ազգային արժանապատվության և հայրենասիրական ոգու ամբողջ խտացումը հենց Դավթի կերպարի մեջ էր։ Թումանյանի մշակումը առաջին քայլն էր իր մեծ ծրագրի, որովհետև նա նպատակ ուներ այն ավելի ֆունդամենտալ մշակել՝ արդեն մեծահասաների համար, բայց այն ինչ նա արել է, արել է կատարյալ։ Պատկերապատման համար մեզ շատ քիչ բան էր մնում, ընդամենը մնում էր թումանյանական տեքստը համապատասխանեցնել կոմիքսի կամ պատկերապատման ժանրին։ Որևէ տեքստային հատվածի հորինում չկա, հիմնական առանցքը թումանյանական տեքստն է՝ դրան համակցված մեր բազում պատումներից փոքրիկ դետալներ, որոնք Թումանյանի տեքստի հետ ամբողջականություն են կազմում»,- ասում է Անի Եղիազարյանը։
«Սասունցի Դավիթ» պատկերապատման պրոդյուսեր Նարեկ Վան Աշուղաթոյանն էլ ընդգծում է, որ մեր էպոսը շատ արդիական է ու բոլոր ժամանակներում ունի իր մեսիջները բոլոր սերունդների համար ու հետաքրքիր է, որ ամեն մի սերունդ արվեստի մի ձևով անդրադարձել է էպոսին՝ քանդակի, գեղանկարչության կամ գրքի ձևավորման։
«Մենք էլ փորձեցինք մեր ժամանակակից մեթոդներով անդրադառնալ էպոսին, թե ընթերցողը ինչպես կընկալի ու կգնահատի, դա արդեն հետո կերևա։ Կոմիքսը ժամանակակից լեզու է, որ ընկալելի է երեխաների համար, որովհետև այսօրվա երեխայի ձեռքից պետք է հեռախոսը վերցնես ու ինչ-որ բան տաս, իսկ այդ ինչ -որ բանը պետք է համարժեք լինի, մենք մտածում ենք, որ կոմիքսը հենց այդպիսին է»,- ասում է նա։
«Սասունցի Դավիթ» պատկերապատման նկարիչ Տիգրան Մանգասարյանն էլ նշում է, որ ամենադժվարը եղել է 18 տարեկան հերոսին ներկայացնելը, ով տապալում է Մսրա Մելիքին։ Նրա խոսքով՝ ձգտել են, որ Դավիթն իր տարիքային սահմանը՝ 17-18 տարեկան, չկորցնի։
«Արվել է առնվազն 100 էսքիզ միայն Դավիթի դեմքը գտնելու համար, էլ չեմ ասում մարմինը։ Միայն դա տևել է 2 ամիս։ Սա էպոսի առաջին պատկերապատումն է, ի սկզբանե որոշված էր անել իլյուստրատիվ գիրք, ինչի համար ուրախ էի, որովհետև իլյուստրատիվ գիրքն ազատություն է տալիս ու դու կարող ես երևակայությանդ զոռ տալ։ Սա իրականում դրամատուրգիա է, դու պետք է սկսես գրել սցենար, ադապտացնել այն կերպարների մեջ։ Ես հասկացա, որ բռնելու եմ ծանր ճանապարհ, բայց պետք էր անել», – նշում է նկարիչը։
«Սասունցի Դավիթ» պատկերապատումը նախաձեռնել են հաղորդավար Գոհար Գասպարյանն ու իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանը, ով նախագծի պրոդյուսերն է։ Նկարիչը բազմաթիվ պատկերապատումների հեղինակ Տիգրան Մանգասարյանն է, տեքստի հետ աշխատել է թումանյանագետ Անի Եղիազարյանը, իսկ ձևավորմամբ զբաղվել է Մարիամ Մալխասյանը:
Սա պատկերապատումների շարքի 2-րդ աշխատանքն է: Առաջինը «Հայկ և Բել․ Բաբելոնից դեպի երկիրն Արարատի» կոմիքսն էր, որն արդեն սիրվել է փոքրերի ու մեծերի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան