Պեսկովը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման մասին
Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը կկայանա չորեքշաբթի Մոսկվայում, անհրաժեշտ և սպասելի է երկու կողմերի համար։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պետության ղեկավարի աշխատանքային ծանրաբեռնվածությունը շարունակվում է։ Այս օրը հիմնականում նվիրված է եվրասիական ինտեգրման թեմային։ Օրվա կեսին Մոսկվայում կսկսվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որը ավանդաբար կլինի նեղ ֆորմատով, ընդլայնված կազմով, մասնակիցները անպայման միասին կլուսանկարվեն, այսպես կոչված՝ ընտանեկան լուսանկար։ Հատկանշական է, որ այս ընդլայնված կազմով հանդիպմանը, որը հիմնականում նախատեսված է ԵվրԱզԷՍ-ի պայմանագրի ստորագրման տասնամյակի համատեքստում, որպես դիտորդներ ներկա կլինեն Ուզբեկստանի և Կուբայի նախագահները»,-ասել է Պեսկովը։
Նրա խոսքով, այս միջոցառման վերջնական փաստաթղթերը ստորագրելուց հետո Պուտինը ոչ պաշտոնական ընթրիք կտա ԱՊՀ մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների և Կուբայի նախագահի պատվին։
«Իսկ աշխատանքային օրվա ավարտին նախատեսվում է նաև երկկողմանի առանձին հանդիպում նախագահ Պուտինի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև»,-ասել է Պեսկովը։
Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական հանդիպմանը՝ նվիրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի կունենա Պուտինի և Փաշինյանի երկկողմ հանդիպումը։
Հարակից հրապարակումներ`
- Ովքեր են Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հյուրերը
- Փաշինյանը Էրդողանի երդմնակալության քաղցր հիշողությունները չի ցանկանում մթագնել Պուտինի երդմնակալության նոր տպավորություններով. Խաչատրյան
- Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին