Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասված է.
«Միջազգային խոշոր գործարար, մեր վստահորդ Կարեն Վանեցյանի վերաբերյալ հարուցված քրեական հետապնդման քաղաքականացվածության վերաբերյալ մեր համոզմունքը փաստարկել ենք այդ հետապնդումը մեկնարկելու առաջին պահից։ Մանրամասնությամբ բացահայտել և արձանագրել ենք բոլոր այն փաստերը, որոնք վկայությունն են այն հանգամանքի, որ այս հետապնդումն իրականացվում է քաղաքական իշխանության վերնախավի ուղիղ հանձնարարությամբ։ Այդ հանձնարարությունները քաղաքական իշխանության կողմից տրվել են քննչական, դատախազական և դատական համակարգերին։
Վերջին մամուլի ասուլիսում գործադիր իշխանության ղեկավարը լրացուցիչ անգամ, և արդեն առանց թաքցնելու, իր ասուլիսում անձամբ հաստատեց մեր պնդումները և տեղեկացրեց բոլորին, որ իրավապահ համակարգն ու դատարանները չեն կարող կայացնել այլ որոշում, քան մեր վստահորդ Կարեն Վանեցյանին մեղավոր ճանաչելն է։
Այսինքն արձանագրվեց քրեադատավարական գործընթացին միջամտելու ուղիղ վարքագիծ: Հատկանշական է, որ նման մոտեցման տարրերն առկա էին գործի նախաքննության ամենասկզբնական փուլում։
Հարկ ենք համարում մեջբերել ուղիղ խոսքը, որն այլ կերպ, քան քաղաքական վճռականությամբ անձին քաղաքական հետապնդման ենթարկելն է՝ անհնար է հասկանալ.
«․․․ Չնայած ես ձեզ ասեմ, էդ տարբերակ չկա, որ Հայաստանի Հանրապետությունը, ես ուզում եմ իմ քաղաքական վճռականություն էստեղ արտահայտեմ, էդ փայաբաժինը պետք ա լինի Հայաստանի Հանրապետությանը։ Ուրիշ տարբերակ չկա։ Թող որևէ մեկը․․․ կանցնի հա, մի ամիս, մի տարի, բայց դա, տարբերակ չկա, դա պետք ա որպես ապօրինի գույք վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը»։
Լրացուցիչ անգամ հիշեցնում ենք, որ խոսքն այն գույքի մասին է, որի ապօրինի լինելու կամ չլինելու հարցը դեռևս գտնվում է քննության փուլում և չկա որևէ հաստատում այն մասին, որ այդ գույքը կամ փայաբաժինն ապօրինի է։ Ուշագրավ է, որ այս բոլոր զարգացումները, հետապնդումները սկիզբ են առել գործադիր իշխանության գործողությունների և միջամտությունների հետևանքով նախաձեռնված միջազգային արբիտրաժային վեճի հետ միաժամանակ:
Հայտնում ենք, որ փաստաբանական խումբն այս առնչությամբ դիտարկում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հարցը»։
Փաստաբաններ
Արամ Վարդևանյան
Արսեն Բաբայան
Սոս Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին