Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, ունենք ցանկություն՝ ունենալու ազգային, հայկական իշխանություն. Միքայել Սրբազան
«Իհարկե, շարժումն ուղղորդված է Աստծո կողմից։ Դրանից ավելի վեհ բան կա՞։ Աստծուց ավելի վեհ բան կա՞։ Մենք ուղղորդվում ենք Աստծո կողմից»,- Գյումրիից դեպի Աբովյան երթի մեկնարկին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում իշխանության հայտարարություններին, որ այս շարժումն ուղղորդված է, հեղաշրջման նպատակ ունի։
Միքայել Սրբազանը նշեց, որ ուզում են ստից, կեղծիքից, խաբեութունից, նվաստացումից փրկել բոլորին, ներառյալ՝ խաբողներին, նվաստացողներին։
«Ժողովրդի պահանջին դեմ հանդիման՝ այդ պատասխանատվությունը մեր վրա վերցրել ենք։ Այդքան բան»,- ասաց Միքայել Սրբազանը։
Հարցին՝ ասում են եկեղեցին չպետք է քաղաքականությամբ զբաղվի, կիսո՞ւմ է այդ տեսակետը, Միքայել Սրբազանը պատասխանեց. «Ոչ, ես երբեք դա չեմ կիսել։ Միշտ էլ ակտիվ քաղաքական կարծիքներ հնչեցրել եմ բոլոր իշխանությունների ժամանակ։ Քաղաքական կյանքով չզբաղվելը՝ վերաբերում է ձգտում չունենալու լինել պետական կառավարման համակարգում։ Մենք նման ցանկություն, ամբիցիա չունենք։ Մեզ մեր կյանքը, ծառայությունը լրիվ բավարարում է, բայց անտարբերությունը մահացու մեղք է։ Մենք չենք կարող լինել անտարբեր Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, որոնք վտանգում են մեր պետականությանը, ժողովրդի անվտանգությանը։ Հետո պետք է մեզ մեղադրեն, չէ՞։ Ասեն, եկեղեցին ո՞ւր մնաց, չասե՞ց։ Հիմա ասում ենք։
Եթե կուզի այս ժողովուրդը դարձյալ մեկ անգամ ևս չլսել եկեղեցու ձայնը, կունենա դառը հետևանքներ։ Եթե ժողովուրդը միշտ լսեր եկեղեցուն, միշտ կհաղթեր։ Հիմա այդ պահն է, որ պետք է լսի՝ լսի կհաղթի, չի լսի՝ դարձյալ պարտություն կգրանցի։
Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, ունենք ցանկություն՝ ունենալու ազգային, հայկական, քրիստոնեական իշխանություն»։
Նա նշեց, որ չի կարող սահմանազատումը, սահմանագծումը լինի պատերազմի սպառնալիքի, շանտաժի լեզվով։
«Ընդհանրապես, ոչ թե պետք է սահմանազատում, սահմանագծում լինի, նոր խաղաղության պայմանագիր, այլ եթե խաղաղություն են ուզում, պետք է հենց հիմա ստորագրեն խաղաղության պայմանագիրը, որից հետո պետք է սկսեն սահմանազատում, սահմանագծում»,- ասաց Միքայել Սրբազանը։
Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկել է երթ դեպի Աբովյան քաղաք` միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշից սկիզբ առած երթին։
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիից մեկնարկել է երթ դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
- Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
- Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
- Բագրատ Սրբազան. Իմ նկարները հրապարակողների հետ էլ նկար ունեմ, ուղղակի ամաչում եմ հրապարակել
- Հավաքների ազատությունն ապահովված է բոլոր քաղաքացիների համար. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- Պետք է միանանք Բագրատ Սրբազանին, այլապես կործանվելու ենք. երևանցիները սպասում են քայլերթի մասնակիցներին
- Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին