Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․
«Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի բանավոր քննությունը` հեռանալով խորհրդակցական սենյակ:
Դիմումով վիճարկվում էր արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ ՀՀ դատական օրենսգրքում ՄԻԵԴ վճիռների հիմքով դատավորներիի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավակարգավորմանը հետադարձ ուժ տալու վերաբերյալ կատարված փոփոխության արդյունքում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ նախատեսող նորմին հետադարձ ուժ տալու և կիրառելու սահմանադրականությունը:
Քննության ընթացքում դիմող կողմը պատշաճ կերպով ներկայացրեց իր հիմնավորումները, իսկ որպես պատասխանող ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցչի անհոդաբաշխ մտքերը, ՍԴ որոշ աշխատակիցների փոխանցմամբ, Սահմանադրական դատարանի պատերի ներսում ծիծաղի առարկա են դարձել գործի քննության ավարտից հետո: Հիշեցնենք, որ դեռևս որպես նախագիծ Ազգային ժողովում քննարկվելու փուլում Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունը վիճարկվող օրենքի վերաբերյալ բացասական եզրակացություն էր տվել՝ նշելով, որ նախագիծը հակասում է Սահմանադրությանը:
Օրենքի հակասահմանադրականությունն այնքան ակնհայտ է, որ այն այդպիսին որակելու համար բավական են 2-րդ կուրսի իրավաբան ուսանողի գիտելիքները: Բայց արդյո՞ք Սահմանադրական դատարանի դատավորների մեծամասնությունը համարձակություն կունենա այդ փաստն արձանագրելու: Չէ՞ որ անդրեասյանական ԲԴԽ-ի արկածախնդրության արդյունքում Սուրեն Անտոնյանի լիազորություններից բացի՝ դադարեցրել են նաև Վճռաբեկ դատարանի ևս երկու և Վերաքննիչ դատարանի մեկ դատավորի լիազորությունները:
Մնում է հուսալ, որ ի տարբերություն ԲԴԽ անդամների մեծամասնության՝ ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը՝ խնդիրներ չստեղծելով ոչ պետության, ոչ էլ հենց իրենց համար»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են