Այսօր շատերի կողմից մշակույթը չի կարևորվում, այսօրվա քաղաքական միջավայրում զգում ենք տարբեր խնդիրներ. Սերգեյ Խաչատրյան
«Եթե ազգն ուզում է գոյատևի և հատկապես հայ ազգը, որի համար ամենակարևոր արժեքը մշակույթն է, քանի որ դա է եղել մեր զենքը, գոյատևելու աղբյուրը, պետք է կարևորել մշակույթը»,- լրագրողներին ասել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։
Նա ցավով նշել է, որ այսօր շատերի կողմից մշակույթը չի կարևորվում, այսօրվա քաղաքական միջավայրում զգում են տարբեր խնդիրներ։
«Կոնսերվատորիան տեղափոխել, փակել։ Չենք հասկանում, թե ինչքան կարևոր է այն հանգամանքը, որ Կոնսերվատորիան քաղաքի կենտրոնում է։ Ինձ թվում է՝ դա երիտասարդ անցորդի համար, ով նույնիսկ երաժշտության հետ կապ չունի, ինչ-որ մթնոլորտ է ստեղծում, մշակութային օջախները, թանգարաններն ազդում են երիտասարդների մտածողության վրա»,- ասել է ջութակահարը։
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի մարզերում շրջագայությամբ է հանդես գալու. այն կմեկնակի մայիսի 13-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնից և կշարունակվեն մայիսի 15-ին՝ Մեղրիի Մարզամշակութային կենտրոնում, մայիսի 16-ին՝ Կապանի համայնքապետարանի մշակույթի մեծ դահլիճում: Շրջագայությունը կեզրափակվի մայիսի 17-ին՝ Գորիսի Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայանալիք համերգով: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից հայտնում են, որ ծրագրում կհնչի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից և «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից:
«Համերգների առումով Երևանը բավականին ակտիվ է, նշանավոր անուններ են գալիս։ Լավ է, ողջունում եմ։ Հասկանում ենք, որ բոլոր միջազգային անունները, որոնք գալիս են, դժվար գնան Մեղրի, Կապան, մյուս քաղաքներ, որոնք պայմանների առումով միգուցե հետաքրքիր չէ իրենց համար, այդ պատճառով ավելի կարևոր է դառնում հայ երաժիշտների առաքելությունը»,- նշել է Ս.Խաչատրյանը։
Նա նշել է՝ կարևոր է մշակութային կյանքն առավել բուռն դարձնել Հայաստանի մյուս քաղաքներում ևս։
«Ինչու եմ ուզում անպայման գնալ Հայաստանի հարավային շրջաններ։ Կապված Արցախում կատարվածի հետ, հենց այդ քաղաքները կարծես առաջին գծում էին, մարդիկ այնտեղ բավականին դժվար ժամանակներ են ապրում։
Դա է պատճառը, որ անպայման ուզում էի գնալ, նվագել այնտեղ։ Ուրախ եմ, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համաձայնեց, ողջունեց իմ այդ գաղափարը»,- ասել է ջութակահարը։
Անդրադառնալով տեսակետներին, թե այս ժամանակահատվածում ի՞նչ համերգ, մարդիկ տրամադրություն չունեն, Սերգեյ Խաչատրյանն ասել է. «Ինչ վերաբերում է դասական երաժշտությանը, դա ավելի շուտ հակառակ՝ օգնում է մարդկանց, գուցե այդ ընթացքում ինչ-որ չափով մի պահ կարող են դուրս գալ այդ ամբողջ իրավիճակից, որի մեջ այսօր բոլորս ապրում ենք։
Հասկանում եմ՝ Հայաստանի ապագան մեծ առումով չի փոխելու, բայց, ամեն դեպքում, ինձ թվում է՝ պետք է անել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին