Մենք սկսեցինք գողանալ ամենասուրբ տեղից՝ բանակից. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Կարեն Պողոսյանի հայրը՝ Հայաստանի ԶՈւ պահեստազորի գնդապետ, «Արծիվ» մահապարտների գումարտակի դասակի հրամանատար Ֆելիքս Պողոսյանը։
Պողոսյանի խոսքից հատվածներն՝ ստորև.
▪90-ականներին կարծես թե դրսևորեցինք մեզ՝ Անդրանիկի, Նժդեհի, մարշալներ Բաղրամյանի ու Բաբաջանյանի անունով։ Մեր այս հերոսների անունով կարծես թե մենք ազգային զարթոնք ապրեցինք, թոթափեցիքն կաշկանդվածությունը և կռվեցինք, բայց այն շատ կարճ տևեց։
▪5 000 տարի հայն ապրել է Արցախի տարածքում, 10-ից ավել նվաճողներ՝ մոնղոլներ, պարսիկներ, թուրքեր, բյուզանդացիներ, հռոմեացիներ, ռուսներ եկել-գնացել են, բայց Արցախցին ապրել է Արցախում։ Այսօր արցախցին չի ապրում Արցախում։
▪Զինադադարից հետո, երբ բոլորը պետք է ծառայեին, բոլորը պետք է անցնեին հայրենիքի պաշտպանությանը՝ միայն խոսքեր էին հնչում, թե յուրաքանչյուր հայ պետք է զենք բանեցնել իմանա։
▪Ցավոք սրտի, մենք կրեցինք ծանր պարտություններ։ Պարտության պատճառների մեջ ես հիմնականը համարում եմ այն, որ մեր ժողովրդի մեջ իշխեց հետևյալ տեսակետը՝ «բոլորի որդիները պետք է գնան կռիվ, բայց իմ որդին չպետք է գնա»։ Այդպես մտածեցին, շատերը, ամենաբարձր աթոռներին, գահուրակներին նստածները և նրանց զավակները չգնացին կռիվ։
▪Կրկին մեր ժողովուրդը կանգնեց փաստի առաջ, որ կռվում էին միայն շարքային, հասարակ մարդկանց զավակները, իսկ մեծահարուստների, օլիգարխների, կուսակցապետերի զավակները չծառայեցին։ Առավելագույնն, ինչ նրանք ստացան, ներեցեք այս բառի համար, «բիլետ»-ն էր։
▪Կարծում եմ, որ մեր ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցավ Հոկտեմբերի 27-ը։ Վազգենն էր այս բանակի հիմնադիրը, ոգեշնչողը և նրանից հետո, ինչ-որ բարոյալքում առաջացավ, կոռուպցիան սողոսկեց բանակ։ Մենք սկսեցինք գողանալ ամենասուրբ տեղերից, ամենասուրբը ես առաջինը համարում եմ բանակը, որտեղ տիրում էր համատարած թալան, կաշառակերություն, և հովանավորչություն։
▪Մեր պարտության երկորդ պատճառը մեր ժողովրդի մաքսիմալիստ, ծավալապաշտ լինելու մեջ եմ տեսնում։ Պատերազմի ելքը մեր մաքսիմալիզմի դրսևրումներից մեկի հետևանք էր։ Ասում էինք՝ առավելագույնս-առավելագույնս՝ հաշվի չառնելով «հնարավորինս»-ը։
▪Կուրծք ծեծելով «հայրենիք» բղավելը չի նշանակում, որ այդ հայրենիքը կապույտ սկուտեղով բերելու, մատուցելու են ձեզ։ Հայրենիքը ձեռք են բերում դժվար աշխատանքով, այրունով, տառապանքով, զրկանքներով։ Մեր երկրին խաղաղություն է պետք, ապաքինվենք վերականգնվեքն այս կորուստենրից և կսկիծից, ուժ հավաքենք, զարգացնենք մեր տնտեսությունը, գիտելիքները, մեր համազագային հնարավորությունները կարողանանք վերականգնել և նայենք առաջ, այլապես մենք չենք կարող այս երկրի տարածքում ստեղծել երջանիկ հայրենիք։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի տոնի առթիվ
- Մայիսի 9-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը բարձրացել. Եվրոյինը և ռուբլունը՝ նվազել
- Բանակն ապահովեց մեր անկախությունը, ազատություն պարգևեց ժողովրդին. Ֆելիքս Պողոսյան