Մենք չենք շարժման համահեղինակը, ես չեմ կարող կոչ անել ժողովրդին միանալ. Լևոն Զուրաբյան
«Դա միշտ մեզ համար մնալու է Եռատոն, հարյուրավոր տարիներից հետո, պարտություններից, ցեղասպանությունից հետո մենք կարողացանք 90-ականներին ունենալ հաղթանակ, և այդ հաղթանակի պատմական նշանակությունն ու կարևորությունը երբեք էլ չի կորի»,- հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և հավելեց.«Ամենակարևոր բանը, որ մենք ցուցադրեցինք 90-ականներին, դա այն էր, որ կորսված ազգ չենք, պարտված ազգ չենք, կարող ենք հաղթել, իսկ հաղթում ենք այն ժամանակ, երբ ունենում ենք ճիշտ քաղաքական միտք, ընտրում ենք ճիշտ ռազմավարություն: Եվ սա ամենակարևոր դասն է 90-ական թվականներից՝ եթե սխալ քաղաքական միտք և սխալ ռազմավարություն ես ունենում, պարտվում ես»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀԱԿ-ը միանալու է Բագրատ Սրբազանի գլխավորած և Հանրապետության հրապարակում այսօր ժամը 16-ին հրավիրված հանրահավաքին՝ ՀԱԿ փոխնախագահն ասաց. «Մենք շատ շարժումներ ենք ղեկավարել, բայց միշտ եղել է նույն մոտեցումը, որ եթե մենք ենք նախաձեռնում որևէ շարժում, հեղինակ ենք կամ համահեղինակ, ինչպես, օրինակ, դա եղավ 2014 թվականին «Հրաշալի քառյակի» հետ միասին, մենք բնականաբար, ղեկավարում ենք այդ շարժումը, ժողովրդին կոչ ենք անում միանալ շարժմանը և պատասխանատվություն ենք կրում մեր որոշումների, մեր ռազմավարության համար:
Տվյալ դեպքում ինչքան էլ համակրենք այն բողոքին, որը իսկապես լուրջ հիմքեր ունի, սրա հիմքը համաժողովրդական բողոքն է այն անգլուխ, միակողմանի, անռազմավար քաղաքականության դեմ, որ վարում են ՀՀ իշխանությունները, սա ընդհանուր բողոք է, մենք էլ ենք բողոքում, Փաշինյանի վարած քաղաքականության դեմ ամեն մեկը իր ձևով է բողոքում, եթե ինձ հարցնեք, ես էլ կասեմ, թե մենք ինչ տեսակետից ենք բողոքում:
Բայց քանի որ մենք չենք շարժման համահեղինակը, ես չեմ կարող կոչ անել ժողովրդին միանալ, բայց, իհարկե, կհետևենք այս շարժմանը: Եվ քանի որ մենք չունենք կուսակցական որոշում՝ հանրահավաքի հետ կապված, ընդհանրապես այդ շարժման տակտիկայի հետ կապված, ամեն մեկը իր անհատական ընտրությունը կկատարի»:
Լևոն Զուրաբյանը չբացառեց, որ որոշակի զարգացումների դեպքում կարող է նպատակահարմար գտնեն հայտարարությամբ հանդես գալ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները